ԵՄ-ը պարտավոր է հայ ժողովրդին ուղիղ և հստակ պատասխան տալ, թե դեպի ուր է տանում այս գործընթացը. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորներին

ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և դուք արդեն իսկ «ամուսնացած մարդու» եք մոտեցել. ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին դիմելով ԵՄ պատվիրակության անդամներին՝ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Մենք կիսում ենք ԵՄ ժողովրդավարական համակարգը, և կասկած չկա, որ ՀՀ-ն Եվրոպա է, բայց մենք չենք սկսում ժամադրությունների փուլը, մենք արդեն «ամուսնացել» ենք։ Ես առաջինը կլինեմ, որ կնշեմ, որ սենյակում փիղ կա, բայց մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեր տնտեսությունն էապես դրանից է կախված, լավ է, վատ է՝ այլ հարց է, բայց դուք արդեն իսկ «ամուսնացած մարդու» եք մոտեցել»,- ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հարցին անդրադառնալով՝ նշեց Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց. «Նախ մենք պետք է «ամուսնալուծվենք» մեկից, նոր մյուսի հետ ամուսնանանք։ Եվ նորմալ է, որ իմ նման մարդիկ հարցեր են տալիս, բա դրա վերջը ի՞նչ է  լինելու։ Ես իմ ժողովրդի համար պատասխանատվություն եմ կրում»։

ԵՄ պատվիրակության անդամ Վիտենիս Անդիրուկաիտիսը (Լիտվա) նշեց՝ իհարկե, ԵԱՏՄ-ի դիտարկումը կարևոր է, բայց հիշեցրեց, որ Ուկրաինան ևս մինչև մայդանյան վիճակը պատկանում էր այդ միությանը։

«Իհարկե առաջին հերթին ձեզնից է կախված, դուք պետք է ասեք պատրա՞ստ եք լինել մեր մեկ շուկայի անդամ։ Դուք իրավիճակ նշեցիք, բայց ձեզնից է կախված, դուք եք որոշելու, որ ուղղությունն ենք ընտրում։ Հայ ժողովուրդը պետք է որոշի»,-ասաց նա։

ԵՄ պատվիրակության այլ անդամ Միրիամ Լեքսմանն ամուսնալուծվելու օրինակից խնդրեց դուրս գալ, որպեսզի փակուղու առաջ չկանգնեն։

«Դուք ԵԱՏՄ մաս եք կազմում, միաժամանակ մոտենում ԵՄ-ին, մենք էլ պատրաստ ենք աշխատել այս ուղղությամբ, որը բոլորն ընդունում են՝ դժվար է լինելու, բայց կբերի տնտեսական արդյունքներ և ժողովրդավարության երաշխիք։ Խոստանալ չենք կարող, պատասխանատու հայտարարություն կլինի։ Նախ չգիտենք՝ քանի տարի կտևի, չենք կարող երաշխավորել արդյունք, միայն կարող ենք ասել, որ մեր կողմից ջանք չենք խնայի ՀՀ-ի՝ լավագույն արդյունքների հասնելու համար։ Նաև հասկանում ենք, որ այն օգտակար է ԵՄ-ի համար»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս