
Մամիջանյանը՝ Գալյանին ԵԽ պատգամավորների ներկայությամբ հարց ուղղեց քաղբանտարկյալների և «ականջներդ կկտրեմ» ՔՊ-ականի սպառնալիքի մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին։
Նա նաև մեկնաբանություն խնդրեց Եվրոպական դատարանի դատավորների հայտարարության վերաբերյալ, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն իշխանության խիստ ազդեցության տակ է։
Նախարար Սրբուհի Գալյանը պատասխանեց, որ որպես խափանման միջոց նշանակված կալանքների քանակական աճը մտահոգիչ է նախարարության համար․
«Ձեր կողմից նշած անձանցից շատերը հետապնդվում են իրենց պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած պաշտոենական լիազորությունների չարաշահման համար։ Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են ունենալ քաղաքական բույթ»,- ասաց Գալյանը։
Մամիջանյանն այնուհետև խոսեց ատելության խոսքից և համաձայնեց Գալյանի հետ, որ ատելության խոսքը չի կարող լինել քաղաքական դիսկուրսում։
«Բայց դուք նստած եք պարոն Եղոյանի կողքին, ում ֆրակցիայի քարտուղարն ԱԺ ՄԻ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմության կողմից ընտրված թեկնածուին ասել է բառացիորեն՝ «ականջներդ կկտրեմ», և մինչ օրս որևէ քրեական գործ չի հարուցվել ատելության խոսքի կամ հարակից հոդվածներով»,- դիմելով Գալյանին՝ ասաց Մամիջանյանը։