
«Իշխանությունների փոխարեն ամաչում եմ. Մեր դատական համակարգն իրեն վաղուց արդեն խայտառակ է արել». Լարիսա Ալավերդյան

Փետրվարի 23-ին դատարանը հրապարակեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ որոշումը։ Դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն։ Նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, փաստաբանների, հարկադիր կատարողների և նրանց ընտանիքի անդամների մասին:
Նշենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ «դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար»:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը խոսելով թե՛ Էդգար Ղազարյանի, թե՛ այս պահին ազատ կարծիք հայտնելու համար այլ անձանց նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին, ասաց, որ Հայաստանում ազատ խոսքն ու կարծիքը պարզապես ոտնակոխ է արվում։
«Հիշեցնեմ, որ ԵՄ-ն վերջերս դիմել է Հայաստանին, որպեսզի քիչ կիրառեն ձերբակալությունները՝ որպես խափանման միջոց։ Սա մեր երկրի, պետության համար խայտառակ գործողություն է։
Կներեք, էլի, բայց մեր դատական համակարգն իրեն վաղուց արդեն խայտառակ է արել, այդ ո՞վ չի տեսնում ու այդ ամենը քննադատում։
Էդգար Ղազարյանը վերին աստիճանի օբյեկտիվ, իրականությանը համապատասխանող քննադատությամբ է հանդես գալիս։ Սա նրան լռեցնելու համար է»,- 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ Էդգար Ղազարյանը Հայաստանում հերթական անձն է, որը ենթարկվում է քաղաքական հետապնդումների, այս գործընթացում որևէ իրավական հիմք գոյություն չունի, ամբողջովին քաղաքական է։
Լարիսա Ալավերդյանը նաև հիշեցրեց Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 2 հայտնի հոդվածները, որտեղ մանրակրկիտ ձևով ներկայացված են արդար դատավարության վերաբերյալ նկատառումները։
«ՀՀ իշխանությունն ինչպես վերաբերվում է երկրի Սահմանադրությանը, օրենքներին, երկրի ազգային անվտանգության ռազմավարությանը, այնպես էլ վերաբերում է իրենց հասցեին որևէ քննադատական միտք հնչեցրած քաղաքացուն։ Այստեղ ամենպերճախոսն Ալեն Սիմոնյանի թքելն է, սրանք թքած ունեն երկրի, օրենքների, սահմանադրության ու քաղաքացիների վրա։
Այս իշխանությունների փոխարեն՝ ես ամաչում եմ, որովհետև իրենց արարքները, ի վերջո, բնութագրելու են մեր պետությանը։
Կրկնում եմ՝ Էդգար Ղազարյանին ներկայացված մեղադրանքն ունի քաղաքական բնույթ։ Օրվա իշխանությունն ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությունը՝ ուղղված հայ ժողովրդի դեմ։ Կարծում եմ՝ որևէ հիմք չկա Էդգար Ղազարյանին իր հրապարակային, օբյեկտիվ խոսքի համար ներկայացնել նման մեղադրանք»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։