
Էրդողան-Լավրով հանդիպման օրակարգում ռուս-ուկրաինական պատերազմն է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 23-ի ուշ երեկոյան մեկնել է Անկարա: Փետրվարի 24-ին նախատեսվում է Լավրովի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում լինելու են ռուս-ուկրաինական պատերազմը, տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական իշխանական մամուլում նշվում է, որ հանդիպումը խիստ կարևոր է, քանի որ այն համընկնում է ռուս-ուկրաինական պատերազմի 3-րդ տարելիցին, իսկ այժմ թուրքական կողմը կրկին ակտվորեն փորձում է հանգուցալուծել պատերազմն իր միջնորդությամբ:
Նշվում է, որ հանդիպումից հետո Էրդողանը գլխավորելու է կառավարության նիստը, ապա հանդես է գալու օրակարգին վերաբերող հայտարարություններով:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Թուրքիա էր մեկնել և Էրդողանի հետ հանդիպում ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Երկու երկրների միջև ստորագրվել էր երկու համաձայնագիր։ Օրակարգում տարբեր հարցերի քննարկմանը զուգահեռ տեղ էր գտել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: