
Զելենսկին Կիևում ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացին՝ Թրամփի հետ հակասությունների ֆոնին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 20-ին Կիևում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգի հետ։ Կողմերը պետք է քննարկեին ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղիները։
Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Այս հանդիպումը, ինչպես ակնկալվում էր, պետք է նաև թուլացներ Վաշինգտոնի և Կիևի միջև լարվածությունը, որն առաջացել էր երկու երկրների ղեկավարների փոխադարձ մեղադրանքներից հետո. Թրամփը Զելենսկիին անվանել էր «բռնակալ», իսկ Ուկրաինայի նախագահը նրան մեղադրել էր ռուսական քարոզչությունն առաջ տանելու մեջ։
Առայժմ պարզ չէ՝ արդյոք բանակցությունների ընթացքում որևէ առաջընթաց գրանցել է թե ոչ։
Հանդիպումից հետո նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է, լրագրողներին խնդրել են տուն գնալ։Ավելի ուշ Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում գրել է, որ Քիթ Քելոգի հետ ունեցել է «արդյունավետ հանդիպում», որի ընթացքում քննարկվել են իրավիճակն առաջնագծում, ռազմագերիների վերադարձը և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները՝ որպես խաղաղության համաձայնագրի մի մաս։
«Ուկրաինա-ԱՄՆ ուժեղ հարաբերություններն օգտակար են ամբողջ աշխարհին», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկիի հետ հանդիպումից առաջ Քելոգը հանդիպում էր ունեցել ուկրաինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ուկրաինայի բանակի հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի, ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։
Բացի խաղաղության համաձայնագրի քննարկումից, Քելոգն, ամենայն հավանականությամբ, պետք է Զելենսկիի հետ քննարկեր նաև Վաշինգտոնի և Կիևի միջև հնարավոր համաձայնությունն օգտակար հանածոների շուրջ, ըստ որի Միացյալ Նահանգների ձեռքերում կհայտնվեր այդ երկրի օգտակար հանածոների 50%-ը՝ որպես փոխհատուցում ամերիկյան նախկին օգնության դիմաց և, հնարավոր է, որպես երաշխիք ապագա օգնության համար։
Զելենսկին ավելի վաղ հրաժարվել էր ստորագրել այդ համաձայնագիրը։