
Ուկրաինան ԱՄՆ-ին է հանձնել գործընկերության շուրջ հուշագրի նախագիծը

Ուկրաինան ավարտել է hազվագյուտ հողային մետաղների շուրջ ԱՄՆ-ի հետ գործընկերության հուշագրի նախագծի մշակումը և այն հանձնել ամերիկյան կողմին: Այդ մասին BBC-ին հայտնել են Մյունխենում ուկրաինական պատվիրակությունից։
Փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են, որ Ուկրաինան ավարտի գործընկերության շուրջ հուշագրի նախագծի մշակումը և այն փոխանցի ամերիկյան կողմին։
Ուկրաինան հանձնել է փաստաթուղթը, ամերիկյան կողմը փաստաթղթի վրա աշխատելու համար խնդրել է ժամանակ մինչև փետրվարի 14-ի ժամը 17:00-ը։
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը պետք է փոխհատուցում ստանա բնական պաշարների հասանելիության տեսքով այն բազմամիլիարդանոց օգնության դիմաց, որը տրամադրում է Ուկրաինային Ռուսաստանի ռազմական գործողություններին դիմակայելու համար։Փետրվարի 14-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության ամենամյա միջազգային համաժողովը։ Գլխավոր թեման այս անգամ կլինի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով հաշտության բանակցություններ սկսելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձը: