Փաշինյանի դիմաց կկանգնի ցլամարտիկի կեցվածքով ինքնազոհողության պատրաստ առաջնորդ՝ իշխանությունը վերցնելու համար. Դավիթ Անանյան
Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, որը 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցեց խաղաղություն բերելու խոսույթով, բայց խաղաղություն այդպես էլ չբերեց, որոշել է 2026 թվականի հերթական ընտրություններին մասնակցել իր գլխում ծնված «իրական Հայաստանի» խոսույթով։
«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետք է գրավոր ձևակերպենք և գնանք ժողովրդի մոտ. 2026 թվականի ընտրություններին այդ գաղափարախոսությունը պետք է քննություն բռնի»,- հունվարի 12-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Փաշինյանը՝ ազդարարելով այն քարոզչական թեզերը, որոնց վրա հիմնվելով էլ ինքն ու իր ՔՊ-ական թիմը կգնան ընտրությունների։
Կկտրվի՞ այդ քննությունից Փաշինյանը, թե՞ կստանա բավարար գնահատական՝ անցողիկ շեմ, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հետաքրքրվեցինք «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանից։
«Նիկոլ Փաշինյանը կկտրվի այդ քննությունից, երբ էլ այդ քննությունը լինի՝ արտահե՞րթ, թե՞ հերթական,- հարցին ի պատասխան՝ ասաց Անանյանը՝ շարունակելով,- Հնարավոր չէ, որ Փաշինյանն ունենա վերարտադրության որևէ հնարավորություն։ Այո՛, նա ձախողվելու է։ Եթե Փաշինյանը մեկ տարի առաջ ուներ վերընտրվելու շանս, ապա մեկ տարի անց այդ հնարավորությունն այլևս չի լինելու։ Իրադարձությունները և այն եթերը, որ կա՝ օդում շիկացած, հիմա հստակ ցույց են տալիս, թե սպասվող փոփոխություններն ինչպիսի՞ն են լինելու և մոտակա ժամանակներում ինչպիսի՞ ուժգնությամբ են վերսկսվելու։ Այլևս հնարավոր չի լինելու այն, ինչ հնարավոր եղավ 2021 թվականի հունիսին»։
Մեր զրուցակցի խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը ներկայացնողը և նրա շուրջ հավաքված կուսակիցներն ասելիք չունեն և հետաքրքիր չեն ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև՝ դրսում։
«Սպառել են բոլոր օրակարգերը՝ անգամ փուչիկի պես ծակվող կեղծիքները՝ «Խաղաղության օրակարգ» և այլն։ Հիմա այս մարդը չունի նաև արտաքին աշխարհի աջակցությունը։ Փաշինյանն ու իր առաջարկած օրակարգը Հայաստանի ապագայի մասին են»,- ասաց Դավիթ Անանյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ ինքն իրեն սպառած Հայաստանի այս ղեկավարը կարողանում է իր քաղաքական գոյությունը քարշ տալ ընդամենը մեկ պատճառով՝ իր դիմաց չի տեսնում քաղաքական հակառակորդ։
«Բայց դա չի նշանակում, որ այդ հակառակորդը չի լինելու, դա չի նշանակում, որ մենք, օրինակ, մայիսին չենք ունենալու փողոցային ընդվզումներ, որոնք կարող են հանգեցնել արտահերթ զարգացումների։ Կարծում եմ, Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների արդյունքները դառնալու են այն թրիգերը, որին շատ կարևոր զարգացումներ են հետևելու։ Իշխանություն վերցնելը դարձել է իրագործելի և օրհասական։ Լինելու են իրադարձություններ, հայտնվելու են անձեր, որոնք ստանձնելու են առաջնորդություն, հետևապես՝ կլինի կայծը, համախմբումը տեղի կունենա, որովհետև Փաշինյանը քաղաքական իմաստով գոյություն չունի։ Նա չի տիրապետում իրավիճակին. իրեն այս նախադասությունն ասելու ճիշտ ժամանակն է։ Կրկնում եմ՝ դեռ հանրությանն իրեն ցույց չի տվել ցլամարտիկի կեցվածքով հակառակորդը, բայց նա կա. կան ցլամարտիկի կեցվածքով պետական գործչի հայտ ներկայացնել ցանկացողներ, որոնք պատրաստ են գնալ ինքնազոհության»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։