![](/banners/BeFunky-design.jpg)
42 միլիոնի զենքի գործը չի կարճվել. ՔԿ-ն չի կարողանում ավարտել նախաքննությունը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/8460b85a-fb4d-4d22-81aa-40473400483c.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով ՀՀ քննչական կոմիտեին մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել է, որ «Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործը հօդս է ցնդել»:
«2018 թվականի հեղափոխությունից հետո կալանքի տակ հայտնված Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործը 6 տարի անց կարճվել է քննչական կոմիտեում»,- նշում է լրատվամիջոցը:
168.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել ՀՀ քննչական կոմիտեից:
«Քրեական գործը չի կարճվել, ընթանում է նախաքննություն»,- մեզ ասաց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հարցին՝ իսկ Վահան Ավետիսյանը շարունակո՞ւմ է անցնել գործով, միգուցե գործով այլ անցնողնե՞ր կան արդեն, ՔԿ նախագահի խոսնակը պատասխանեց, թե ասվածին այլ բան չի կարող ավելացնել:
Նշենք, որ 2024 թվականի հունվարին 42 միլիոնի զենքի գործին առնչվող մեր հարցմանն ի պատասխան, որի միջոցով փորձել էինք պարզել՝ ի՞նչ փուլում է այս քրեական գործը, կա՞ն արդյոք գործում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներ, կամ՝ այս պահի դրությամբ կա՞ն մեղադրյալներ և քանի՞ հոգի են, ինչպես նաև՝ ի՞նչ է պարզել նախաքննությունը, ապացուցվե՞լ է՝ ՀՀ վարչապետի հնչեցրած հայտարարության մեջ նշված ձևակերպումները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը, ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին.
«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին Ձեր կողմից հասցեագրված հարցման՝ հայտնում ենք, որ 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության միջոցների ձեռքբերման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու փաստի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված (հարուցված) քրեական վարույթի նախաքննությունը 2022 թվականի փետրվարի 15-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից ներկայացված մյուս հարցադրումների մասով տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:
Հիշեցնենք, որ գործը հարուցել էր ԱԱԾ-ն, և ժամանակին կալանավորվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից առաջ, իսկ մի քանի ամիս հետո՝ 2020թ. հուլիսին, ազատ էր արձակվել:
Ավելի ուշ այլ լրատվամիջոցներում տեղեկություններ շրջանառվեցին, թե խոսքը 2016-2017թթ. ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է, որի բացահայտումն արել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Իսկ մոտ 3 տարի առաջ քրեական վարույթն ԱԱԾ-ից տեղափոխվել էր ՀՀ քննչական կոմիտե:
Հավելենք, որ 2020թ. մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա…»։
Նշենք, որ 2020թ. մարտին՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարության, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Ազատությանն» ասել էին, որ 42 միլիոն դոլարի զենքի գործով մինչև այդ պահը Սերժ Սարգսյանին իրավապահները չեն դիմել։
Եթե անգամ գործը չի կարճվել, ինչպես մեզ վստահեցնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ զերծ մնալով մանրամասնություններից, փաստ է, որ գործ ունենք հերթական փակուղային իրավիճակի հետ, ինչպես նմանատիպ այլ գործերի դեպքում, որոնց 168.am-ն անդրադարձել է։