![](/banners/BeFunky-design.jpg)
Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/MixCollage-09-Feb-2025-01-54-PM-8805.jpg)
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումները հիմնական իրականացնում են երեք ընկերություններ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ (ավտոբուսներով), «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ (տրոլեյբուսներով) և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ (մետրոյով)։ Այդ երեք ընկերությունները առևտրային կազմակերպություններ են (փակ բաժնետիրական ընկերություններ), որոնց բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Երևան համայնքին։ QR կոդով «ուղետոմս»-ը, որը տրվում է քաղաքացիներին հանրային տրանսպորտով երթևեկելու համար՝ հիշյալ ընկերություններից ոչ մեկին չի պատկանում։ Ավելին` դրա վրա չկա ոչ մի տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի հետ առնչության մասին։
Այդ տոմսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի հետ կազմակերպական և իրավական իմաստով որևէ առնչություն չունեցող մասնավոր մեկ այլ առևտրային կազմակերպության՝ «Թել-Սելլ» ԲԲԸ (բաց բաժնետիրական ընկերության), որի ծառայություններից մարդիկ կարող են օգտվել բացառապես կամավոր հիմունքներով։ Այսինքն, Երևանի քաղաքապետարանը կամ տրանսպորտային առանձին ծառայություններ մատուցող ընկերություններ «Երևանի ավտոբուս», «Երևանի էլեկտրատրանսպորտ» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերությունները ուղետոմս չեն թողարկում և չեն իրացնում, իսկ քաղաքացիները պարտավոր չեն օգտվել մասնավոր կազմակերպությունների ծառայություններից։
Հ․Գ․ 2025 թվականի փետրվարի 8-ին՝ 7 համարի ավտոբուսը նստած և 11 համարի ավտոբուսից իջած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա է փորձել հասկանալ ուղևորության ընթացքում, որն իրեն, վստահաբար չի հաջողվել»։