«Մի դժգույն լուսանկարի պատմություն… Մի զարմացիր, որ դրսում քեզ չեն ընդունում այնպես, ինչպես «պատմական Հայաստանի» ղեկավարներին էին ընդունում»
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի դժգույն լուսանկարի պատմություն:
Մի զարմացիր, որ դրսում քեզ չեն ընդունում այնպես, ինչպես «պատմական Հայաստանի» ղեկավարներին էին ընդունում: Քեզ ընդունում են քո «իրական Հայաստանին» համապատասխան: Պատմականի ղեկավարներից ոչ ոքի մտքով չէր անցնի Հայաստանում օտարվել Հայ առաքելական եկեղեցուց, չմասնակցել հոգևոր արարողակարգերին, բայց օտար հողում գնալ նստել անգլիկան եկեղեցու, բապտիստների ու բողոքականների միջոցառմանը:
Մի ջղաձգվիր, որ քեզ չեն ընկալում լուրջ ու առաքինի, երբ «խաղաղության խաչմերուկ» բրյոշուրը ձեռքիդ փորձում ես ուրիշներին ցույց տալ այդ բրյոշուրի մեջ ներառված նրանց շահը: Նրանք քեզանից լավ ու խորը գիտեն իրենց շահը և հասկանում են, թե դրա տակ, ինչպես ես ուզում իրենցից ստանալ քո անձնական արտաքին լեգիտիմությունը: Նրանք զգում են, թե ինչպես ես ամեն կերպ խոսափում պետությանդ տարածքային ամբողջականության վերականգման հարցը իրենց մոտ բարձրացնելուց:
Մի վհատվիր, որ քեզանից առաջ եղած ՀՀ բոլոր ղեկավարներին դրսում վերաբերվում էին ավելի պատկառանքով քան քեզ: Նրանք բոլորը այլ՝ հաղթանակած և Արցախով Հայաստանի, Սփյուռքով Հայաստանի ղեկավարներ էին: Հաղթանակածի ու պարտվածի տարբերությունը քեզ չընդունողները լավ գիտեն: Նրանք լավ գիտեն, թե ինչ էր սփյուռքը և ինչպես է հիմա վերաբերվում քեզ, որովհետև լավ են տեսնում, թե ինչպես ես հիսուն հոգանոց միջոցառումը, որի կեսից ավելին ԱՄՆ-ում Հայաստանի տարբեր ռանգերի դիվանագիտական ծառայողներ են, փորձում ներկայացնել, որպես հանդիպում հայ համայնքի հետ:
Մի փորձիր այն ուրիշ Պատմական Հայասատանի թե քաշը, թե ազդեցությունը, թե իր ծանր խոսքն ու սոլիդությունը վերագրել քո իրական Հայաստանին, որովհետև ծանրաքաշ տարածաշրջանային Հայաստանը Արցախով էր էդպիսին: Դա գիտեին և զգում էին բոլորը, իսկ հիմա գիտեն և զգում են բոլորը, թե դու ինչ ես, ինչ ես արել և ինչ ես թողել այն Հայաստանից, որն առանց Արցախի այլ է ու քո իրական Հայաստանի կոնցեպտում դարձել է այլևս խորը խաղաղապարտ: Քեզ վերաբերվում են այդ կոնցեպտիդ քաշին համապատասխան:
Մի նյարդայնացիր, երբ նրանք գիտեն, թե ով ես, ինչ ես արել քո երկրի հետ, քո ժողովրդի հետ, հանուն ինչի ես արել ու հիմա ինչ ես ուզում: Քո մասին նրանք քո իմացածից լավ գիտեն ու քեզ վերաբերվում են արածիդ և ուզածիդ համապատասխան: Քեզ վերաբերվում են այնպես, ինչպես դու վերաբերվեցիր Արցախին:
Հ.Գ. Սա է մեկ շաբաթյա վոյաժիդ արդյունքը: Ոչ դեսպանդ, ոչ էլ նախարարդ մեղք չունեն: Ինչպիսին չինն է, էդպիսին էլ նրա չինովնիկներն են»: