ՔԿ-ն գաղտնիք է համարում նախաքննությունն ավարտված 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի թիվը
2024 թվականի հունիսին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին.
«2020 թվականի նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձված իշխանության անգործության, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու, զինվորական ծառայության կրման կարգի դեմ ուղղված առերևույթ այլ հանցագործությունների կատարման դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթների շրջանակներում»:
2025 թվականի փետրվարի 1-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձություններն ի՞նչ վարույթի շրջանակում են քննության առարկա դարձել, ովքե՞ր են անցնում դրանով:
Նշենք, որ Շուշիի պաշտպանությանն առնչվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքն ավարտվում է նոյեմբերի 7-ով:
Քննչական կոմիտեն մեր այս հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ նշված թեմայով տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ այն պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ:
Եվ եթե վերը նշված հարցին նման պատասխանն ինչ-որ առումով հասկանալի է, ապա անհասկանալի է, որ Քննչական կոմիտեն նույն պատասխանը տվել է մեր հարցման մեջ առկա մյուս հարցադրմանը, որով մենք ընդամենը խնդրել էինք հայտնել, թե 44-օրյա պատերազմին առնչվող քանի՞ քրեական գործ կա, որոնց նախաքննությունը չի ավարտվել և որո՞նք են այդ գործերը:
Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանն անգամ հարցազրույցների ժամանակ է նմանօրինակ տվյալներ հրապարակել: