Հայաստանից արտահանվող ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

Հայաստանում ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն Եվրասիական տնտեսական միության շուկա արտահանելու համար: Կառավարությունը նախագծին դրական արձագանքեց փետրվարի 6-ի հերթական նիստի ընթացքում։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խոսքով՝ սույն նախագիծն ալկոհոլային խմիչքների, ջրի և ծխախոտի շուկյին է վերաբերում, ինչպես նաև՝ դրոշմավորման ենթակա մյուս ապրանքներին։ՊԵԿ նախագահի խոսքով՝ հին համակարգով եղել է ոչ հետագծելի՝ դրոշմավորումը կատարվել է ներմուծողի և արտադրողի մոտ, իսկ արդեն 2018 թվականին Եվրասիական տնտեսական միության նոր համաձայնագրով՝ ՀՀ-ն, ինչպես նաև անդամ մյուս երկրները, պարտավորվել են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման նոր համակարգ ներդնել։

Էդուարդ Հակոբյանը նկատեց՝ նույնականացման միջոցներով դրոշմավորումն առաջարկվում է ներդնել փուլերով՝ տարբեր ապրանքախմբերի համար սահմանելով ներդրման տարբեր ժամկետներ. օրինակ՝ ըմպելիքները, պահածոյացված մթերքը՝ 2025 թվականի մարտի 1-ից, կաթնամթերքը՝ 2025 թվականի հունիսի 1-ից, յուղերը՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, դեղերը, կոսմետիկան, օծանելիքը՝ 2026 թվականի հունվարի 1-ից։

Նա ընդգծեց, որ սրանով կազմակերպություններին հնարավորություն կտրվի փոխճանաչելի համակարգ ունենալ։ «Այն տնտեսվարողները, որոնք ԵԱՏՄ երկրների հետ առևտուր են անում, իրենց ապրանքն այնտեղ կճանաչվի, այնտեղի ապրանքներն էլ՝ Հայաստանում: Մյուսն ագրեգացիան է, այսինքն՝ տնտեսվարողները խմբով ապրանքները դրոշմավորելու հնարավորություն կունենան, նաև կլինի որոշակի ծախսերը նվազեցնելու հնարավորություն»,-ասաց Հակոբյանն՝ ընդգծելով, որ այսկերպ պետությունը հնարավորություն կունենա հատի ճշտությամբ վերահսկել ապրանքների շարժը, վերահսկողություն կունենա ստվերի հնդեպ, ինչպես նաև՝ թույլ կտրվի այս համակարգը ներդնել այլ գերատեսչություններում։

Տեսանյութեր

Լրահոս