ՀՀ ղեկավարը ԱՄՆ-ում քայքայիչ աղանդի ղեկավարին հանդիպում է, որ ի՞նչ անի. լրագրողը՝ Պապոյանին
«ՀՀ ղեկավարը մեր հարկերի հաշվին գնացել է ԱՄՆ, քայքայիչ աղանդի ղեկավարին հանդիպում է, որ ի՞նչ անի»,- այսօրվա ճեպազրույցում լրագրողը նման հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին:
«Այդպես չի կարելի դետալային վերցնել, ինչ-որ մեկնաբանության ենթարկել: Դա ԱՄՆ-ում այսօր իշխող քաղաքական ուժի համար շատ կարևոր միջոցառում է, և եթե ուզում ենք արտաքին քաղաքականության մեջ հարաբերություններ հաստատել, որպեսզի նաև դրա միջոցով հետագայում մեր երկրի արտաքին քաղաքական հարցերը կարողանանք առավելագույն մեզ համար օգտավետ եղանակով լուծել, այդպիսի կարևոր միջոցառումից չէր կարելի հրաժարվել: Հավաստիացնում եմ, որ գործուղումները ՀՀ վարչապետի կամ կառավարության անդամների համար շատ ավելի չնախընտրելի միջոցառումներ են, որովհետև դու սահմանափակ ժամանակում՝ բազմաթիվ հանդիպումներ և այլն, և ընդամենը հասցնում ես՝ օդանավակայան, հանդիպումներ, հյուրանոց…»,- ի պատասխան՝ ասաց Գևորգ Պապոյանը:
Լրագրողի հարցին, թե «Կյանքի խոսքի» ղեկավարի հետ հանդիպումն ի՞նչ է տալիս մեր երկրին, նա պատասխանեց. «Եթե դա մի միջոցառում է, որին մասնակցում են ամենաազդեցիկ կամ որոշում կայացնող մարդիկ ԱՄՆ-ում, մասնավորապես, իշխող կուսակցության ներկայացուցիչներ, ապա այդպիսի հնարավորությունը պետք չէ բաց թողնել»:
Դիտարկմանը՝ հարցն աղանդավորական կազմակերպության մասին է, նա արձագանքեց. «Մենք չենք կարող որոշել՝ ԱՄՆ-ում ամենաբարձր մակարդակով կազմակերպվող միջոցառումներին ով մասնակցի»:
Լրագրողը նկատեց՝ բայց կարող եք որոշել՝ ում հետ հանդիպել, ում հետ նկարվել, ում առջև ժպտալ:
«Բոլոր մարդիկ, ովքեր հանդիպում են ինձ փողոցում և ուզում են հանդիպել ինձ հետ, լուսանկարվել, նրանք մեր քաղաքացիներն են, և ես այդ մարդկանց չեմ մերժում»,- արձագանքեց նա:
Գևորգ Պապոյանի վերաբերմունքը քայքայիչ աղանդների նկատմամբ սկսվում և ավարտվում է այն ամենով, ինչ գրված է Սահմանադրության մեջ. «Ձեր տված բոլոր հարցերի պատասխանները մեր Սահմանադրության մեջ գրված են, և որքան հիշում եմ՝ այդ դրույթը 1995թ. չի փոխվել: Այնտեղ հստակ նշված է կրոնական կազմակերպությունների դերի, դրանց ազատության, Հայ Առաքելական եկեղեցու դերի մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում