Հենրիխ Մխիթարյանը ՀԱՅ է ու ՏՂԱ, դուք ձեր դարդը լացեք. Եղիշե Կիրակոսյանի լայքերն ու հայրենասիրության դասեր տվողները
Հավաքական չեմ վերադառնա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը: Այս մասին «Ազատության» ռ/կ հետ զրույցում ասել է ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը, ես այդ որոշումը կայացրել եմ իմ զգացմունքներից ելնելով, ոչ ոք ինձ չի ստիպել, միայն կարող եմ ասել, որ այս պահին որոշումս փոխելու մտադրություն չունեմ։ Հավաքական չեմ վերադառնա»,- ասել է հայկական ֆուտբոլի լեգենդը՝ պատասխանելով այն հարցին, թե եթե ֆեդերացիայի նախագահի փոփոխություն լինի, հնարավո՞ր է՝ ինքը վերադառնա ազգային հավաքական։
Հենրիխ Մխիթարյանի այս հայտարարությունը ցնցումների մեջ է գցել փաշինյանամերձ շրջանակներին: Կարծես չգիտեն՝ ինչո՞ւ է Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել խաղալ ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, երբ այդ մասին բոլորը գիտեն, իսկ ոմանք անգամ հրապարակային են դրա մասին խոսել և խոսում յուրաքանչյուր պատեհ առիթով, երբ նիկոլականների մոտ հերթական հոգեխանգարմունքն է սկսվում «Հենրիխ Մխիթարյան» անուն-ազգանունից:
Դեռևս մեկ տարի առաջ ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը 168.am-ի եթերում խոսել էր Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականում չխաղալու պատճառների մասին:
«Ֆուտբոլասերները բոլորը գիտեն՝ Հենրիխ Մխիթարյանն այն կիրթ անձնավորությունն է, որ ես չեմ կարող ասել՝ այս բախտախնդիրների պատճառով է հեռացել կամ մեկ այլ բան: Բայց մորը վիրավորել են այն իմաստով, որ երբ մեր հավաքականը պետք է գնար Իտալիայի հավաքականի հետ խաղալու, կանգնել, հայտարարել էին, որ՝ եթե Հենրիխ Մխիթարյանի մայրը գա Իտալիա, մենք չենք գնա»,- «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել էր մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լեգենդի՝ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի ազգային հավաքականում խաղալուց հրաժարվելու պատճառներին:
Նա նկատել էր նաև՝ խոսքն այն մարդու մասին էր, ով պատահական մարդ չէր ֆուտբոլում:
«Մարինա Թաշչյանը 25 տարի աշխատել էր Ֆեդերացիայում, կապված էր ֆուտբոլի հետ: Հարցն այն չէր, որ նա Հենրիխ Մխիթարյանի մայրն է: Նրա ամուսինն էլ՝ Համլետ Մխիթարյանը, մեր ֆուտբոլում վերջին տեղում չի եղել: Ուղղակի բարոյական չէր, որ իր մոր նկատմամբ այդպես վարվեին, ինքը շարունակեր խաղալ հավաքականում: Ու դրա համար նա ստիպված հրաժարվեց, որևէ հայտարարություն չարեց, բայց ես լավ գիտեմ: Մայրն ինքն էլ հրաժարվեց Ֆեդերացիայի հետ համագործակցելուց ու հայկական ֆուտբոլից ընդհանրապես: Իսկ մեր հավաքականը 9:1 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին»,- ասել էր Սուրեն Բաղդասարյանը:
Հիմա արդեն 3 օր է՝ հայկական սոցցանցային և մեդիա տիրույթը պայթում է լուրից, որ Հենրիխ Մխիթարյանը չի ժամանել Հայաստան ու ներկայացուցիչ չի ուղարկել, որ Նիկոլ Փաշինյանից ստանա տարվա լավագույն ֆուտբոլիստի իր մրցանակը, և ոմանք ընկել են հոգեխանգարմունքի մեջ:
««Հավաքական չեմ վերադառնա։ Օրը կգա, պահը կգա, բոլորը կիմանան պատճառը»։ Հենրիխ Մխիթարյան, Հավաքականը, տվյալ դեպքում, քո երկիրն է, քո հայրենիքը։ Հայրենիքից չեն նեղանում՝ ինչ էլ որ լինի, ով ինչ էլ ասի։ Այսպիսի կեցվածքի համար չկա ոչ մի բացատրություն, արդարացում, նույնիսկ, եթե կա հիմնավոր պատճառ, եթե քեզ նեղացրել են, եթե իսկապես լուրջ պատճառ կա, որը քեզ ստիպել է հեռանալ հայրենիքի խորհրդանիշ հավաքականից: Ես կարող եմ նեղանալ քաղաքական ռեժիմից, չընդունել օրվա իշխանությունը, նույնիսկ ատել որոշ մարդկանց։ Շատերն են անցել ծանր ճնշումների միջով՝ տարբեր իշխանությունների ու գործիչների կողմից։ Եվ շատերը, ովքեր մինչ օրս էլ մնում են քեզ համար ընդունելի, հենց նրանք են ուրիշներին նեղացրել, զրկել իրենց երազանքներից, իրենց իրավունքներից։ Բայց հարցն այն է, թե արդյոք մենք ի վիճակի՞ ենք որևէ մեկից, որևէ իշխանությունից կամ որևէ անձից առավել սիրել Հայաստանը։ Կարող ես ատել ում կուզես, նեղանալ ումից կուզես ու որքան կուզես։ Բայց հիշիր, որ ժողովուրդը, որը քեզ սիրել է անկեղծորեն, առանց պայմանների, արժանի է, որ դու էլ նրան սիրես՝ անկախ օրվա իշխանություններից, անկախ անձնական վիրավորանքներից ու հիասթափություններից։ Հայաստանը պետք է սիրել բոլորից ու ամեն ինչից առավել»,- Հենրիխ Մխիթարյանին հայրենիքը սիրելու «դասեր» է տվել 1in.am կայքի խմբագիր, փաշինյանամերձ քաղաքական ուժի ղեկավար (եթե այդպիսին դեռ կա, իհարկե.- Գ.Ս.), WikiLeaks-յան բացահայտումների հերոս Արման Բաբաջանյանը:
Իհարկե, Հայրենիքը պետք է սիրել ամենքից ու ամեն ինչից առավել, բայց Արման Բաբաջանյանի համար Հայրենիքը Նիկոլ Փաշինյանն է, այլոց համար Հայրենիքը ոչ մի կերպ չի նույնանում Հայրենիքը աղետի բոլոր հնարավոր դրսևորումների առաջ կանգնեցրած ու դեռ կանգնեցնող, ազգային ինքնությունից հրաժարվող, Արցախը հանձնած, Հայաստանի օկուպացիան թույլ տված, պետությունը կազմաքանդող, Հայ Առաքելական եկեղեցուն խփող, իրեն Հիսուս Քրիստոսի, Տիգրան Մեծի, Պապ թագավորի, Ռոբին Հուդի հետ նույնացնող մարդու հետ:
Ու եթե, ասենք, օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի համար մեկ է՝ ում ձեռքից կստանա մրցանակ, Հենրիխ Մխիթարյանի, շախմատի օլիմպիական հավաքականի անդամներ Լևոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի համար մեկ չէ. սկզբունքի հարց է: Ի վերջո, այս անձինք գիտեն, որ օրինակ են ծառայում հարյուր-հազարավոր պատանիների ու երիտասարդների համար:
Ու երբ դու 2016թ. չեմպիոն դառնալիս ցույց ես տալիս շապիկդ, որի վրա Ազգային հերոս, Արցախի ընդամենը մեկ դիրքի համար կյանքը զոհած Ռոբերտ Աբաջյանի նկարն է, իսկ ընդամենը 9 տարի անց Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած ու բանտիկով Ադրբեջանին նվիրած մարդուց ինչ-որ 6 միլիոնի կտրոն ես ստանում ու մրցանակ ու հպարտորեն նկարվում հետը, դու ի՞նչ օրինակ ես ծառայում քեզ հետևող պատանիների համար:
Բայց դա ընտրություն է, և՛ թե Արթուր Ալեքսանյանը, թե՛ Հենրիխ Մխիթարյանն իրենց ընտրությունը կատարել են:
Իսկ Մխիթարյանին հայրենասիրության դասեր տվողները որտե՞ղ էին, երբ Փաշինյանը և իր ՔՊ-ականները Մխիթարյանի ձեռքից անմիջապես իշխանության գալուց հետո դիվանագիտական անձնագիրն էին վերցնում, երբ հավաքականի յուրաքանչյուր պարտությունից հետո ֆեյքերի բանակ էին քսի տալիս նրա վրա, երբ, ի վերջո, նրան հարկադրեցին կատարել հավաքականից հրաժարվելու բարդ որոշումը: Բա այդ ժամանակ հայրենիքը ու «հայրենասերները» բան չունեի՞ն ասելու:
Բա երբ երկիրդ ու ազգդ ճանաչում են Շառլ Ազնավուրով ու Հենրիխ Մխիթարյանով, երբ ճիշտ թե սխալ, հավաքականիդ պարծանքը, ավագը, երկիրդ ճանաչելի դարձնողն էլ չի ուզում խաղալ հավաքականում, հրաժեշտի խաղ է՞լ չէր կարելի կազմակերպել, ինչպես 3 տարի առաջ խոստացան ու այդպես էլ չարեցին…
Գրելու շատ բան կա, փաստարկներ, ինչքան ուզես, բայց ուշագրավն Արման Բաբաջանյանի գրառումը չէր, այլ նրա այդ գրառումը հավանած Եղիշե Կիրակոսյանը:
Էս գրառման ո՞ր մասն էր հավանել միջազգային դատական ատյաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Միգուցե ինքն է՞լ է կարծում, որ Հայրենիքը Նիկոլ Փաշինյանն է, այն Նիկոլ Փաշինյանը, ով ամեն օր հայտարարում է Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններից մեր հայցերը հետ քաշելու մասին, այն դեպքում, երբ ինքը դրանց հաղթանակի համար է պայքարում կարծես թե: Եղիշե Կիրակոսյանը, իհարկե, անհարմար չի զգում Արման Բաբաջանյանի ստատուսները լայքողը դառնալով, ինչպես չամաչեց, երբ իրեն տարան-հասցրեցին ՔՊ-ի վարչության նիստին ու չընտրեցին արդարադատության նախարար: Այս խայտառակությունը կուլ տվողի համար Արման Բաբաջանյանի երկնած յուրաքանչյուր անբովանդակ ստատուսը պարտաճանաչ կերպով լայքելն ի՞նչ է որ…
Եվ վերջում, ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՏՂԱ Է, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԻ, ՀԱՅ Է ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, դուք ձեր դարդը լացեք…
Հ.Գ. Եղիշե Կիրակոսյան, Դուք կանոնավոր կերպով լայքում եք մի մարդու գրառումներ, որին պատկանող կայքում «Սա անընդունելի է. Հայ առաքելական եկեղեցին դարձել է ռուսական ֆաշիզմի պաշտպաններից մեկը» վերտառությամբ հրապարակում է տեղ գտնում: Մտածե՛ք այս մասին: