Ո՞նց թե արգելք կա, որտե՞ղ, ժողբաստիոնո՞ւմ. Դանիել Իոաննիսյանը խոստացել է զբաղվել Արմեն Աշոտյանի՝ նամակագրության արգելքի մասով. Հենց նոր իմացավ
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել էր էքստրեմիզմի մեջ մեղադրվող ու 4 տարի ժամկետով ազատազրկված ու իր կալանքը Ռուսաստանում կրող ռուս մի գործչի՝ Իգոր Ստրելկովի, նույն ինքը՝ Իգոր Գիրկինի մասին:
«Ընդ որում, ես էս պերսոնաժին շատ ուշադիր էի հետևում ու կարամ ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնեմ, որ ինքը նատուռի էքստրեմիստ է ու էն մարդկանցից, ում ցանկացած պետություն կնախընտրի հետմահու հերոսի կոչում շնորհել (հետմահուն կարևոր է)։ Բայց Գիրկինը հաջողացրել էր ողջ մնալ, դրա համար իրան ստիպված բանտարկեցին»,- գրել էր Մխոյանը:
Վերջինս նշել էր նաև, որ այդ գործչի հետևորդները նրան «պուտինյան գաղութ» նամակներ են գրում, պատասխաններ են ստանում, և այդ պատասխանները հրապարակվում էին նրա տելեգրամյան ալիքում:
«Իսկ հիմա փորձեք ժողովրդավարության բաստիլիոնում դիցուք՝ Արմեն Աշոտյանին նամակ գրել։ Աշոտյանը, հիշեցնեմ, էքստրեմիստ չի․ ինքը մեղադրվում ա էն բանի մեջ, որ ժամանակին բժշկական համալսարանը (Աշոտյանը չէ, բժշկական համալսարանը) ինչ-որ անշարժ գույք ա ձեռք բերել, էդ գույքը դեռ կա, չի կորել ու էդ գույքի արժեքը հիմա երևի մի տաս անգամ աճելա»,- գրառումն այսպես էր եզրափակել Վահագն Մխոյանը:
Գրառման ներքո մեկնաբանություն էր թողել «Իրազեկ քաղաքացիների միավորում» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր, այսպես կոչված, քաղհասարակության ակտիվ անդամ Դանիել Իոաննիսյանը:
«Աշոտյանի նկատմամբ նամակագրության արգելք կա՞։ Եթե այո, ապա դա նորմալ չի ու ես, անկախ ունեցածս հակակրանքից, կփորձեմ այդ հարցով զբաղվել»,- գրել էր նա:
Շատ հետաքրքիր է ստացվում. Դանիել Իոաննիսյանը նախ ասում է, որ հակակրանք ունի Աշոտյանի հանդեպ, բայց ինքն այնքան արդարամիտ ու բարի է, որ ամեն դեպքում կփորձի այդ հարցով զբաղվել:
Այսինքն՝ սահմանադրագետ, իրավունքի բոլոր ճյուղերիագետ, պարեկագետ, ամենինչագետ, իրականում իրավունքի հետ ոչ մի կապ չունեցող, մասնագիտությամբ ֆիզիկոս Դանիել Իոաննիսյանը քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի՝ 18 ամիս կրած բանտային կալանքից ու արդեն մի քանի ամիս տևող տնային կալանքի կրման պայմաններում հանկարծ պարզել է, որ մի բան էն չէ:
Գիտեք, քաղհասարակությունը ավելի շուտ կզբաղվեր այդ հարցով, բայց ախր չգիտեր, որ ժողբաստիոնում ոչ մի բանի համար նստած մարդ կա, ում հետ համ էլ նամակագրության արգելք կա:
Ինչպես ասում են, սա կլիներ շատ ծիծաղելի, եթե չլիներ այսքան ողբերգական: Այն, որ 2018թ.-ից իշխանության հետ սերտաճած ու տաքուկ տեղավորված քաղհասարակությունը ժամանակ առ ժամանակ փորձում է կենդանության նշաններ ցույց տալ, հասկանալի է. իրենց դա անհրաժեշտ է օբյեկտիվության նշույլներ ցույց տալու համար, բայց Դանիել Իոաննիսյանը լավ կանի լուսավորի՝ ինչ է անելու, ինչպես է անելու. Դոլմազյանի՞ն է զանգելու, թե՞ ավելի վերև, ասենք՝ պատվիրատուին: