Մտահոգիչ են Ադրբեջանի հայտարարությունները, ինտենսիվ թռիչքները՝ հավանաբար զենք են տեղափոխում Բաքու. Արմեն Գրիգորյան
Ինչպե՞ս է գնահատում ՀՀ ազգային անվտանգության խորհուրդն Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման հավանականությունը, հատկապես, երբ Միացյալ Թագավորությունն օրերս զգուշացում էր հրապարակել իր քաղաքացիների համար՝ նրանց խորհուրդ տալով խուսափել դեպի Հայաստան-Ադրբեջան արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճանապարհորդություններից:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մեծ Բրիտանիայի զգուշացումը չմեկնաբանեց, սակայն նշեց, որ մտահոգիչ են Ադրբեջանի հայտարարությունները, զորավարժությունների ինտենսիվ անցկացումը, ինտենսիվ թռիչքներն այլ երկրներից՝ հավանաբար ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու:
«Բայց մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որ հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում. օրինակ, ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որը, հուսով ենք, շուտով կերկարաձգվի: Կամ՝ Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը, կարծում ենք, կարևոր գործոն է կայունության տեսանկյունից, ինչպես նաև ՀՀ-ում տեղի ունեցող ռազմական բարեփոխումները, դրանք կայունության որոշակի գործոններ են, և մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,- մանրամասնեց Արմեն Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ հույս հայտնելով, որ Բրյուսելը որոշում կկայացնի և կերկարաձգի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը: