Ավելի քան 621 մլն դրամ՝ կառավարական դաչաներին, և շուրջ 750 մլն դրամ՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ին․ Փաշինյանի թիմը բյուջեի հաշվին շարունակում է «հեղափոխական» ավանդույթները

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը տարին սկսել է իրեն ենթակա մի քանի ՊՈԱԿ-ներին՝ արդեն ավանդույթ դարձրած ամենամյա դրամաշնորհների տրամադրմամբ։

Հունվարի 17-ին կնքված պայմանագրերով նախ երկու դրամաշնորհ է տրվել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրային տարբեր շրջանակներում առավել հայտնի է «Ֆեյքերի» ՊՈԱԿ անունով, ապա ևս մեկ դրամաշնորհ՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, կամ, ինչպես ընդունված է ասել, կառավարական դաչաներին։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրված առաջին դրամաշնորհի չափը կազմել է 16 միլիոն 500.000 դրամ, որը, ըստ պայմանագրի, նախատեսված է «Աջակցություն Սփյուռքի հայալեզու լրատվամիջոցներին» միջոցառման շրջանակներում սփյուռքում գործող լրատվամիջոցներով մեր հայրենակիցների շրջանում տարածաշրջանի քաղաքական, սոցիալական, մշակութային կյանքի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար։

Երկրորդ՝ առավել խոշոր՝ 728 միլիոն 187.600 դրամ աստղաբաշխական չափի դրամաշնորհով էլ վարչապետի աշխատակազմը ՊՈԱԿ-ին պատվիրակել է «Հանրային իրազեկում, հասարակական-քաղաքագիտական հետազոտությունների իրականացում» միջոցառման շրջանակներում մի շարք գործողությունների կատարում։

Կարդացեք նաև

Այսինքն՝ տարեսկզբին շուրջ 1,8 միլիոն դոլար է տրամադրվել այս ՊՈԱԿ-ին։

Կառավարական դաչաներին էլ այս տարի հատկացվել է 621 միլիոն 340.100 դրամի, կամ ավելի քան 1,5 միլիոն դոլարի չափով աջակցություն։ Գումարի շրջանակում, ըստ պայմանագրի, պետք է իրականացվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործումն ու սպասարկումը։

Զարմանալի է, թե ամեն տարի գրեթե այս չափով գումարներ ստացած կառավարական առանձնատներում ինչպե՞ս է հնարավոր չապահովել ջեռուցում, որ ՀՀ հպարտ քաղաքացիների առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քիչ էր մնում Իջևանից վառարան բերեր։

Նշենք՝ վարչապետի աշխատակազմն իրեն ենթակա ՊՈԱԿ-ներին ուղղվող խոշոր դրամաշնորհների ավանդույթը հիմնադրել է 2022 թվականից։

Տեսանյութեր

Լրահոս