Թրամփը խոստացել է լինել «խաղաղարար և միավորող». գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական, ներգաղթյալները հետ կվերադառնան, ԱՄՆ դրոշը կտեղադրվի Մարսի վրա. ԱՄՆ նախագահի հայտարարությունները

ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել՝ ուրվագծելով իր քաղաքականության հիմնական ուղղությունները:

• Կապիտոլիումի ռոտոնդայում իր առաջին ելույթում նա հայտարարել է Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը վերականգնելու որոշման մասին:

«Ամերիկյան նավերը մեծ գերավճար են տալիս և ազնվորեն չեն սպասարկվում որևէ ձևով։ Ներառյալ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը։ Չինաստանը ղեկավարում է Պանամայի ջրանցքը, իսկ մենք այն Չինաստանին չենք տվել։ Մենք այն տվել ենք Պանամային, և այն հետ ենք վերցնում»,-հայտարարել է Թրամփը։

• Նա խոստացել է անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքը և սկսել միլիոնավոր ներգաղթյալների արտաքսման գործընթացը։

Կարդացեք նաև

«ԱՄՆ տարածք ապօրինի բոլոր մուտքերն անհապաղ կդադարեցվեն, միլիոնավոր ներգաղթյալների վերադարձի գործընթաց․ նրանք կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են»,- ասել է նա։

• Նա հայտարարել է նաև գենդերային հարցերում ԱՄՆ պաշտոնական քաղաքականության փոփոխության մասին: Ընդգծել է, որ այսուհետ կառավարությունը ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական:
«Այսօրվանից Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունն այն է, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական»,-ընդգծել է նա:

• Թրամփը խոստացել է՝ նախագահի պաշտոնում իր առաջին քայլը կլինի երկրում արտակարգ դրություն հայտարարել՝ կապված ԱՄՆ հարավային սահմանին ստեղծված իրավիճակի հետ։ Նա հայտարարել է, որ երկրի հարավային սահմանի պաշտպանության նպատակով մտադիր է օգտագործել անգամ Զինված ուժերը:

• Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ում ճգնաժամերի լուծման անհրաժեշտությանը։

«Մարդիկ կորցրել են ուժը, այն նրանցից խլել են, թվում է՝ ոչինչ հնարավոր չէ ուղղել․ներկայիս կառավարությունը չի կարող լուծել երկրի ներսում առկա ճգնաժամը, միաժամանակ իրար հաջորդում են աղետները, մեր կառավարությունը չի ապահովում երկրի պաշտպանությունը, օրինապահ քաղաքացիների պաշտպանությունը, մենք տեսնում ենք ներգաղթյալների, որ ամբողջ աշխարհից գալիս են։ Կառավարությունը ֆինանսավորում է ամբողջ աշխարհի մակարդակով բոլոր երկրների սահմանների պաշտպանությունը, բայց չի պաշտպանում մեր երկրի սահմանները, չի պաշտպանում մեր ժողովրդին»,- ասել է նա։

• Իր երդմնակալության խոսքում Թրամփը նաև խոստացել է դառնալ «խաղաղարար և միավորող», և վստահություն է հայտնել, որ ամերիկյան հզորությունը կդառնա «պատերազմները դադարեցնելու» և գլոբալ միասնության նոր ոգի ստեղծելու գործիք:

«Մեր հզորությունը կկանգնեցնի բոլոր պատերազմները և միասնության նոր ոգի կբերի այս աշխարհ, որը չար էր, դաժան և միանգամայն անկանխատեսելի»,-ասել է նա:

• Մյուս նրա կարևոր հայտարարությունը վերաբերում է խոսքի ազատությանը։ Դոնալդ Թրամփը, մասնավորապես, հայտարարել է ցանկացած «կառավարական գրաքննություն» դադարեցնելու մտադրության մասին:

• Նա հայտարարել է Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

Հիշեցնենք, որ միջազգային այդ համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու նպատակով։ ԱՄՆ-ն արդեն լքել էր այն 2019 թվականի նոյեմբերին՝ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում, սակայն կրկին միացել էր 2021 թվականին՝ նախագահ Ջո Բայդենի օրոք։ Հիմա Ամերիկան կրկին դուրս է գալիս համաձայնագրից, ինչը, հավանաբար, քննարկումների նոր ալիք կառաջացնի միջազգային ասպարեզում:

• Նա հայտարարել է հավակնոտ տիեզերական ծրագրի իրականացման մտադրության մասին:

«ԱՄՆ-ն կրկին կդառնա հզորացող երկիր, ազգ, որը մեծացնում է իր հարստությունը, ընդլայնում է իր տարածքը, կառուցում է քաղաքներ, բարձրացնում է ակնկալիքների մակարդակը և մեր դրոշը տանում նոր հրաշալի հորիզոններ։ Մենք ամերիկացի տիեզերագնացներ կուղարկենք, որոնք ԱՄՆ դրոշը կտեղադրեն Մարսի վրա»,- ասել է նա:

• ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը նաև խոստացել է վերականգնել ԱՄՆ Զինված ուժերը։ Ընդգծել է, որ ԱՄՆ զինված ուժերը կլինեն ամենաուժեղը։

«Մենք մեր հաջողությունը կչափենք ոչ միայն այն ճակատամարտերով, որոնցում հաղթել ենք, այլ նաև այն պատերազմներով, որոնց վերջ ենք դրել: Եվ ամենակարևորը՝ այն պատերազմներով, որոնցում մենք երբեք չենք մասնակցի»,- նշել է նա:

• Նա խոստացել է հայտարարել էներգետիկ արտակարգ իրավիճակ, որը թույլ կտա մեծացնել հանածո վառելիքի արտադրությունը: «Մենք նորից հարուստ երկիր ենք դառնալու, և դա մեր ոտքերի տակ եղած հեղուկ ոսկին է, որը կօգնի մեզ հասնել դրան»,- հայտարարել է նա։

• Բացի այդ, Թրամփը հայտարարել է առևտրի համակարգի վերակառուցման մեկնարկի մասին՝ ամերիկացի աշխատողներին պաշտպանելու համար։

«Այլ երկրները հարստացնելու համար մեր քաղաքացիներին հարկելու փոխարեն, մենք կհարկենք օտարերկրյա պետությունները, որպեսզի հարստացնենք մեր քաղաքացիներին։ Այդ նպատակով մենք ստեղծում ենք Արտաքին եկամուտների ծառայություն՝ հավաքագրելու բոլոր սակագները, տուրքերը և եկամուտները: Դրանք կլինեն հսկայական գումարներ, որոնք մուտք են գործում մեր գանձարան օտարերկրյա աղբյուրներից»,- ասել է Թրամփը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս