Մոսկվան բաց է ԱՄՆ նոր վարչակազմի հետ Ուկրաինայի շուրջ երկխոսելու համար. Պուտին

ՌԴ նախագահն ընդգծել է, որ նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը, այլ երկարատև խաղաղությունը՝ հիմնված այդ տարածաշրջանում բնակվող բոլոր ժողովուրդների օրինական շահերի հարգանքի վրա։

Մոսկվան բաց է Ուկրաինայի հակամարտության շուրջ ԱՄՆ նոր վարչակազմի հետ երկխոսության համար: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

Նա ընդգծել է, որ նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը, այլ երկարատև խաղաղությունը։

«Այստեղ ամենակարևորը ճգնաժամի արմատական պատճառները վերացնելն է։ Ինչ վերաբերում է բուն իրավիճակի կարգավորմանը, ապա կրկին ուզում եմ ընդգծել, որ դրա նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը, ոչ թե ուժերի վերախմբավորման և վերազինման ինչ-որ դադարեցում՝ հակամարտության հետագա շարունակման նպատակով, այլ երկարաժամկետ խաղաղությունը ՝ այդ տարածաշրջանում բնակվող բոլոր մարդկանց, բոլոր ժողովուրդների օրինական շահերի հարգանքի հիման վրա»,– ասել է նա։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին Վաշինգտոնում: Նա կդառնա Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը: Երդման արարողությունը կսկսվի Երևանի ժամանակով 20: 00-ին:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Տեսանյութեր

Լրահոս