«Մենք չգիտենք` ինչ է կատարվելու, դեռ ոչինչ չեմ կարող ասել». Բերդավանի վարչական ղեկավար

Հունվարի 16-ին ՀՀ արտգործնախարարությունից հայտնել էին, որ նույն օրը  Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում Կողմերը համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն այս անգամ ևս ներառելու է մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ սահմանամերձ Բերդավանը։ Այստեղ հողերի մի մասը կամ Ադրբեջանի հսկողության տակ են, կամ էլ գտնվում են թշնամու դիրքերին շատ մոտ, որի արդյունքում բնակիչների մեծ մասն այդ հողերը չի կարողանում մշակել։

168.am Բերդավան բնակավայրի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն սպասվող սահմանազատման գործընթացից, իրատեսակա՞ն է, որ ադրբեջանցիների կողմից զավթված տարածքներն այդ գործընթացի արդյունքում կվերադարձվեն բերդավանցիներին։

Կարդացեք նաև

«Քանի որ մենք հիմա չունենք հստակ քարտեզ, թե որտեղ ինչ է լինելու, այսինքն՝ սահման չենք կարող ասել, հետևաբար՝ և՛ ակնկալիքների մասով, և՛ թե ինչ պետք է լինի՝ ոչ մի բան չեմ կարող ասել։ Սպասենք, գործընթացը տեղի ունենա՝ կհասկանանք, թե մեզ համար որն է ավելի հարմար՝ նա՞ էր ավելի հարմար, թե՞ սա»,- նշեց Բերդավանի վարչական ղեկավարը։

Հարցին՝ մարդկանց հետ զրուցելիս՝ նրանք ինչպիսի՞ կարծիք են հայտնում այս ամենի վերաբերյալ, ի՞նչ տրամադրություն ունեն, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ինչպես արդեն ասացի, բոլորի մոտ նշածս խնդիրն է, այսինքն՝ մենք չգիտենք, թե ինչ է կատարվելու, բայց լիահույս ենք, որ լավ կլինի»։

Հիշեցնենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը տեղի է ունենցել Տավուշի մարզից՝ 2024 թվականի ապրիլի 23-ին տեղադրվեց առաջին սահմանային սյունը, որը Նիկոլ Փաշինյանը համարեց «մեծ իրադարձություն»։

Տեսանյութեր

Լրահոս