«Մենք 3 նախագահ ենք ունեցել, ո՞ր մի նախագահի երեխաներին ենք այդքան տեսել. մեր տղաները ճիշտ են դաստիարակվել. Նիկոլն ինձ չի վնաս տվել, իմ երեխուն է դավաճանել». Վիգեն Ազատյան

Երեկ Կառավարության հերթական նիստի մի զգալի հատված Նիկոլ Փաշինյանը նվիրեց հայ տղաներին ու աղջիկներին բնորոշումներ, որակումներ տալուն։

Օրինակ, ըստ նրա, հայ աղջիկները բոլոր առումներով ավելի մրցունակ են դառնում, քան հայ տղաները։

«Մեր իրականության մեջ աղջիկներն ավելի որակյալ աշխատուժ են դառնում, քան տղաները: Ես ինչ-որ առումով սկսել եմ մտածել, որ կապ ունի այս երևույթի հետ, որովհետև 15 տարեկանը լրանում է, դեֆորմացիայի պրոցես է սկսվում:

Իրականության մեջ տղաներին հովանավորելու, «փշի-փշի» անելու, «բամբակի մեջ պահելու» երևույթը խայտառակ երևույթ է:

Կարդացեք նաև

Իսկ աղջիկները այս բանից ազատ են: Ընդհակառակը, նրանց համար ստեղծում ենք իրավիճակ, որ ապացուցելու բան ունեն, որովհետև իրենց ոչ մեկը չի հովանավորում, ոչ մեկը չի ասում՝ վայ, վայ, վայ, ճաշիկը, ճաշիկը կուտես, թե չես ուտի։ Սա խոր դեգրադացիա է առաջացրել, որը տեսանք նաև մարտական իրադրություններում: Հետո տեսնում ենք այդ մարտական իրադրությունները գնահատելու հանրային ընկալման մեջ»,- Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հոր՝ Վիգեն Ազատյանի խոսքով՝ եթե հիմա նույն տրամաբանությամբ որակումներ տա Նիկոլ Փաշինյանի երեխաներին, այդ թվում՝ նրա տղային, բոլորը կասեն, թե ինչո՞ւ ես մտնում ուրիշի ընտանիք։

«Ես հիմա ինչ ասում եմ՝ բառացի կփոխանցեք ընթերցողին, բամբակով ինքը մեծացրել է իր Աշոտիկին ու իր երեք աղջիկներին։

Մեր տղաները դաստիարակվել ու դաստիարակվում են ճիշտ ու հայրենասեր ձևով, այս բառերի իմաստը Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ համար, իհարկե, ընկալելի չէ, իրենք չգիտեն՝ սրանք ինչ են նշանակում։
Մեր տղաները հայրենասեր են մեծացել, տղա են մեծացել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վիգեն Ազատյանը։

Հարցին՝ նման հարցեր քննարկելը երկրի ղեկավարի լիազորությունների՞ մեջ է մտնում, Վիգեն Ազատյանը պատասխանեց՝ Հայաստանը 2018 թվականից չունի ղեկավար։

«2018 թվականից Հայաստանում ղեկավարի փոխարեն մենք ունենք Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպան, նա թուրք է՝ իր արարքներով, նիստ ու կացով։ Նույն էլ իր ընտանիքն է, հայ ընտանիքն իրեն այդպես չի պահում։ Մենք 3 նախագահ ենք ունեցել, ո՞ր մի նախագահի երեխաներին ենք մենք այդքան տեսել, ո՞ր նախագահի կնոջն ենք այդքան տեսել։ Իսկ սրանք մնում է իրենց երեխաներին էլ բերեն մի պաշտոն տան, ուղղակի այսքան այլասերված մարդ մենք չենք տեսել, ամեն ինչով պիղծ են։ Նիկոլն իմ տուն է մտել, հետևաբար, ես իրավունք ունեմ իրեն ասեմ այն, ինչ մտածում եմ, այս աշխարհում չի կարող լինել մի շնչավոր էակ, որ ինձ ասի՝ չի կարելի։ Ես ու իմ նման ծնողները կարող են մտնել նրա տուն ու ասել՝ ինչ մտածում ենք։

Նիկոլն ինձ չի վնաս տվել, իմ երեխուն է դավաճանել։ Որդիս պատերազմի ժամանակ չի զոհվել, նրան դավաճանել են։ Եթե այդպես չլիներ, հիմա ես այլ մարդ կլինեի ու այլ բովանդակությամբ կխոսեի, իրենք դավաճանել են ու պետք է պատասխան տան՝ ինքն ու իր կողքի կենդանիները»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև ասաց, որ, ցավոք, այս աշխարհից լավ մարդիկ են հեռանում, գուցե երկնքում ավելի լավ է, քան երկրում, որտեղ իշխանության Նիկոլ Փաշինյանն է։

«Ես իրականությունն եմ ասում։ Թող Նիկոլը կարդա ու տեսնի, թե մենք ինչ կարծիք ունենք իր ու իր ընտանիքի մասին»,- ընդգծեց Վիգեն Ազատյանը։

Տեսանյութեր

Լրահոս