Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին պատմության մեջ առաջին փաստաթղթի ստորագրումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ կոնգրեսականի կայքը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը մի քանի ամիս տևած քննարկումների արդյունք է, որոնք սկսվել էին 2024 թվականի հունիսին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՝Բրայենի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում:
Այդ այցի ընթացքում Օ՝Բրայենը հայտարարել էր ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսության շրջանակներում հանդիպում անցկացնելու մասին, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռք բերված զգալի առաջընթացը և հետագա քայլերը:
Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հաջորդ քայլն է տնտեսական և էներգետիկ, անվտանգության և իրավապահ ոլորտներում, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և արդարադատության ոլորտում երկրների միջև ավելի սերտ համագործակցություն հաստատելու գործընթացում:
«Այս համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը։ Մի գործ, որը ես եռանդով պաշտպանել եմ՝ որպես Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ:
Սա ցույց է տալիս 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության իրականացրած աճն ու կարևոր բարեփոխումները և ընդգծում երկրի՝ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի հուսալի գործընկեր հանդես գալու հեռանկարները։ Ամենակարևորը՝ ռազմավարական գործընկերությունը նշանակում է ավելի սերտ երկկողմ կապեր մեր երկրների միջև, հետագա ամերիկյան ներդրումներ Հայաստանի ապագայի համար և, ընդհանուր առմամբ, ավելի սերտ կապ մեր ժողովուրդների միջև:
Ուրախ եմ, որ Բայդենի վարչակազմը պաշտոնապես հայտարարեց այս գործընկերության մասին, և ես անհամբերությամբ սպասում եմ Պետական դեպարտամենտի և Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությանը՝այս դրական դինամիկան շարունակելու համար»,- ասել է Փալոնը։