Եթե փողոցը եռա, եթե լիդերները լինեն վճռական, անգամ Փաշինյանի գործողությունները կարագացնեն իշխանափոխությունը. Նարեկ Մալյան

Հայաստանի ՔՊ-ական այս իշխանությունն ամեն ինչ անելու է, որ լինեն արտահերթ ընտրություններ. դրանք Փաշինյանին պետք են իր ծակ լեգիտիմությունը կարկատելու համար, բայց այս իշխանությունն արտահերթ ընտրության կգնա միայն այն դեպքում, երբ արտաքին ուժերի կողմից ունենա հավաստում և երաշխիք, որ անպայման կվերարտադրվի. 168TV-ի եթերում նման տեսակետ հայտնեց  հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը։

«Արտահերթ ընտրությունները ձեռնտու չեն իրական ընդդիմադիրներին, այն մարդկանց, որոնց օրակարգը Փաշինյանին հեռացնելն է, իսկ ոչ իրական ընդդիմադիրների մասով ասելու բան չկա։ Մյուս կողմից՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, արտահերթ ընտրությունները ձեռնտու են արտախորհրդարանական ընդդիմադիրներին. դա իրենց համար ևս մեկ հնարավորություն է, և դա է պատճառը, որ անընդհատ արտահերթ ընտրությունն օրակարգ է բերում մեկ արտախորհրդարանական ընդդիմությունը, մեկ՝ իշխանությունը, որը դա կանի, եթե արտաքին դերակատարներից ստանա երաշխիք ևս 5 տարով իշխանության մնալու»,- ասաց Մալյանը։

Հարցին՝ ո՞րը պետք է լինի Փաշինյանի հեռացումն իրենց թիվ մեկ առաջնահերթությունը համարող քաղաքական միավորների՝ իրական ընդդիմադիրների անելիքը, Նարեկ Մալյանը պատասխանեց՝ արտահերթ ընտրությունների վիժեցումը։

«Վիժեցնե՛լ արտահերթ ընտրության գործընթացը, այսինքն՝ դրա համար անհրաժեշտ՝ խորհրդարանի ցրման գործընթացը։ Ընդդիմությունը դա կարող է անել՝ վարչապետի թեկնածու առաջադրելով։ Հաջորդ քայլով փողոցային պայքար է պետք գեներացնել. եթե չի ստացվի և արտահերթ ընտրությունները կդառնան անխուսափելի, ապա ընդդիմությունը մեկ միասնական ճակատով մեկ թեկնածուի շուրջ պետք է ունենա կոնսենսուս։

Կարդացեք նաև

Նպատակը պետք է լինի, քարոզարշավն օգտագործելով, այս դեպքում մարդկանց հանել փողոց և միայն չմտածել խորհրդարանի մանդատներին տեր կանգնելու մասին.. Եթե փողոցը եռա, եթե լիդերները լինեն վճռական, անգամ Փաշինյանի բոլոր գործողություններն ավելի կարագացնեն իշխանափոխությունը»,- ասաց Նարեկ Մալյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս