70 ՔՊ-ականն էլ կարող են Փաշինյանին հեռացնելու թղթի տակ ստորագրել, եթե ընդդիմությունն անուն ասի. Նարեկ Մալյան

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը պնդում է՝ հայ հասարակությունը պետք է դադարի քննարկման առարկա դարձնել Նիկոլ Փաշինյանի կողմից դաշտ նետվող օրակարգերը՝ կենտրոնանալով այն իրական օրակարգերի վրա, որոնք բերելու են և՛ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն, և՛ Հայաստանի անվտանգության ապահովմանը, և՛ Ադրբեջանից հայ գերիների վերադարձին։

«Կա քաղաքական ճոճանակի օրենք, ճոճանակ, որի երկու կողմում կանգնած են քաղաքական ուժեր՝ հակառակ կողմեր, որոնք հրում են ճոճանակը, ինչն էլ սնվում է այդ հրման էներգիայից։ Հիմա, եթե դիմացինը ճոճանակին էներգիա չի տալիս, այդ ճոճանակը կանգնում է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Նարեկ Մալյանը։

Որպես քննարկման նյութ՝ Նարեկ Մալյանն առաջարկեց դիտարկել  իշխանափոխության համար անհրաժեշտ մեխանիզմների բացակայության հարցը։ Ըստ նրա՝ ընդդիմադիր դաշտն այս հարցում կաղում է, որովհետև չկա միասնական օրակարգ, չկա ծրագիր, չկա լիդեր, որը պատրաստ է լինել այնքան վճռական, որ չվախենա անգամ բանտում հայտնվելուց։

Նա այս երեք բաղադրիչների բացակայությանն ավելացրեց նաև արտաքին քաղաքական դերակատարների գործոնը՝ հատկապես փողոցով իշխանափոխություն անելու հարցում։

Կարդացեք նաև

«Նիկոլ Փաշինյանը ռուսական վեկտորի աջակցությունը հիմա չունի, բայց կարծում եմ, որ ընդդիմությունն էլ այդ աջակցությունը չունի»,- ասաց Մալյանը՝ հավելելով՝ եթե ընդդիմությունը չունի արտաքին դերակատարների աջակցությունը, կամ իշխանափոխության հարցում՝ կոնսենսուս, ապա անիմաստ է Հայաստանի ներսում փողոցային պայքարներ գեներացնելը։

«Ընդդիմությանը մեղադրելուց առաջ պետք է նաև խոսենք այն մասին, որ առաջին հերթին խնդիր է արտաքին քաղաքական վեկտորի հետ պայմանավորվածության բացակայության հարցը։ Այս պարագայում անիմաստ է դառնում փողոցը, որովհետև պետք է սկսել հենց արտաքին քաղաքական բանակցություններից։ Ես լիաթոք չեմ կարողանում ընդդիմադիրներին մեղադրել, նրանք անում են այնքան, որքան կարողանում են. ավելին՝ հանուն արդարության պետք է ասել, որ մենք տեսնում ենք ընդդիմադիրների լավագույն վիճակն ընդդիմադիր պրոցեսների մեջ։ Խնդիր է այստեղ այն, որ ընդդիմության մտածելակերպը քառակուսի է, և այդ տարբերակով հնարավոր չէ իշխանություն վերցնել.  սա ասում եմ՝ որպես ցուցարար»,- ասաց Մալյանը՝ իշխանությունը վերցնելու համար առաջնային համարելով ընդդիմության կողմից ՔՊ-ական պատգամավորների հետ աշխատելն ու վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը։

«70 ՔՊ-ականն էլ կարող են Փաշինյանին հեռացնելու թղթի տակ ստորագրել, եթե ընդդիմությունն անուն ասի»,- խոսքը եզրափակեց Մալյանը:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս