Բաժիններ՝

Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարից ողջ է մնացել 32 մարդ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի վթարից ողջ է մնացել 32 մարդ։ «Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ներկայացուցիչ Քյանան Զեյնալովն այս մասին հայտարարել է դեկտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում։Նրա խոսքով՝ ներկայում Ղազախստանի դատախազության մարմինների հետ համատեղ անցկացվում է քրեական գործի հետաքննություն։

«Մենք դեռևս չենք կարող հայտնել հետաքննության որևիցե արդյունքի մասին: Դիտարկվում են բոլոր վարկածները, անցկացվում են համապատասխան փորձաքննություններ: Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալի ղեկավարությամբ քննչական խումբը գործուղվել է Ղազախստան և աշխատում է դեպքի վայրում», – ասել է Զեյնալովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։

Ըստ հրապարակման՝ վատ եղանակի պատճառով Գրոզնիի օդանավակայանում ինքնաթիռն սկզբում ուղարկել են Մախաչկալա, ապա եղանակային պայմանների պատճառով՝ Ակտաու։ Սակայն այնտեղ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել և աղետի է ենթարկվել։Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ բախումը։ Նաև հաղորդվել է, որ ինքնաթիռում բալոն է պայթել։  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս