Կառավարությունը կարող է վերանայել տնտեսական աճի ցուցանիշը
Հայաստանի տնտեսական աճը ընթացիկ տարվա համար 2013 թվականի բյուջեով ամրագրված է 6.2%։ Մինչդեռ միջազգային ֆինանսական կառույցները իրենց կանխատեսումներում պակաս լավատես են և ավելի ցածր աճ են նշում։
Օրինակ՝ ԱՄՀ-ն իր վերջին զեկույցում Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը անփոփոխ է թողել՝ 4,3%։
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ կառավարությունը կարող է նույնպես վերանայել տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշը՝ նվազեցման ուղղությամբ։ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այս հարցին՝ ասաց. «Հնարավոր է՝ վերանայի ու նվազեցնի, հնարավոր է, որ վերանայի ու մեծացնի: Մենք առայժմ 6,2%-ը շարունակում ենք պահել որպես թիրախային, որովհետև հավատում ենք, որ 1,5-2 տոկոս, չորս տոկոս տրենդային աճ՝ այն, որ նշել են արժույթի միջազգային հիմնադրամում որպես տարածաշրջանային զարգացման վեկտոր, մենք կարող ենք դա փոքր-ինչ գերազանցել: Մենք նպատակ չունենք թիրախավորել երկնիշ տնտեսական աճ, բայց կարծում ենք, որ մեկից-երկու տոկոս տրենդայինի վրա կարող է ունենալ աճ»:
Իսկ եթե կառավարությունը վստահ է, որ կապահովի 6,2 տնտեսական աճ, ինչո՞ւ է քննարկումների մեջ ԱՄՀ-ի հետ։ Ի պատասխան այս հարցին Վ. Գաբրիելյանը նշեց, որ կառավարությունը միշտ քննարկում անցկացնում է թե՛ արժույթի միջազգային հիմնադրամի, թե՛ համաշխարհային բանկի, թե՛ միջազգային այլ կառույցների հետ: