«Նիկոլ Փաշինյանը ծանր մեղավոր է, բայց չի նշանակում, որ նա մենակ է եղել». Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, խոսելով խմբակցությունից իր դուրս գալու մասին, ասաց՝ «ոմանց ակտիվ աշխատանքի» արդյունք է, որ դուրս է եկել խմբակցությունից։ «Ոմանց» ասելով՝ նկատի չունի ներսի մարդկանց։
«Իմ դեմ 2022 թվականից սկսած ֆեյսբուքյան գրառումներով էին հանդես գալիս՝ և իրենց դեմքերով, և ֆեյքերով։ Երբ զոհված տղաների ծնողների միջոցով իմ դեմ արշավ էին սկսում, ես համեստորեն լռում էի, ուզում էի հասկանալ, թե ո՞րն է պատճառը։
Երբ ինձ հարցրեցին՝ ներե՞լ եմ Նիկոլ Փաշինյանին, ես կարող էի ասել՝ ոչ, բայց ներելը քրիստոնեական հասկացություն է։ Երբ ասում եմ՝ Նիկոլին ներել եմ, դա չի նշանակում, որ ասում եմ՝ ես հասկացել եմ, որ Նիկոլի գործողությունները ճիշտ են»,- նշեց նա։
Հաջորդ հարցին՝ Նիկոլ Փաշինյանին համարո՞ւմ է այս ամենի մեղավորը, Գեղամ Նազարյանը պատասխանեց՝ համարում է, բայց ոչ միայն Նիկոլ Փաշինյանին։
«Իմ հայտարարությունները բերեց նրան, որ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը մի օր կանգեց ու ասաց՝ ես կարող էի այնպես անել, որ այս պատերազմը չլիներ, բայց արդյունքները նույնն էր լինելու։ Մտածում էի, որ այդ ամենից հետո ժողովուրդը, քաղաքական ուժերը կգնային փողոց ու կասեին՝ դե, արդեն խոստովանեցիր, էլ ի՞նչ ես մնում, բայց դա տեղի չունեցավ։
Բերեք ասենք՝ միակ մեղավորը Նիկոլն է, ու անցնենք-գնանք, մենք պարտվեցինք։ Ինչպես միշտ ենք արել, ցավոք, մեզ մեր գրականությունը, մեր պատմագիտությունը բերել է նրան, որ ասենք՝ այս ճակատամարտը պարտվեցինք, որովհետև մեկ դավաճան կար, այն պատերազմը պարտվեցինք, որովհետև դավաճան կար։ Մեզ բերել-հասցրել են նրան, որ մեկ հոգին կարող է որոշել ազգի ճակատագիրը, բա մնացածն ի՞նչ էին անում։ Ես ձեզ կոչ եմ անում, որպես լրագրողներ, լրատվամիջոց՝ այդ ծուղակը չընկնենք։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ծանր մեղավոր է, բայց սա չի նշանակում, որ ինքը մենակ է եղել, եթե մենք այս փաստը վերցնենք ու շարունակենք, ապա նոր աղետ ենք փորում մեր առաջ, շատ երկար ուսումնասիրությունից հետո եմ եկել այս եզրահանգման»,- շեշտեց Գեղամ Նազարյանը։
Նա նաև ասաց, որ մեղավորների մասին մի օր կխոսի։
Ի դեպ, Նազարյանի խոսքով՝ պատերազմից հետո ինքը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում