Բաժիններ՝

Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կսկսվեր, եթե Կիևը 2008-ին անդամակցեր ՆԱՏՕ-ին. Մերկելը հարցազրույց է տվել BBC-ին

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանի հետ կնքած գազային գործարքները նպատակ ունեին օգնելու գերմանական ընկերություններին և պահպանելու խաղաղությունը Մոսկվայի հետ։ Միևնույն ժամանակ Մերկելը պնդել է, որ Ուկրաինայի հետ պատերազմն ավելի վաղ կսկսվեր, եթե ինքը չարգելափակեր Կիևի մուտքը ՆԱՏՕ 2008 թվականին:

Անգելա Մերկելը Գերմանիան ղեկավարել է 16 տարի և քաղաքականությունից հեռացել է 3 տարի առաջ՝ 2021 թվականին:

BBC-ին տված հազվագյուտ հարցազրույցում Մերկելը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կսկսվեր և, հավանաբար, ավելի վատ ընթացք կունենար, եթե Կիևը սկսեր ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին 2008 թվականին:

«Մենք ռազմական հակամարտություն կտեսնեինք նույնիսկ ավելի վաղ: Ինձ համար միանգամայն պարզ էր, որ նախագահ Պուտինը ձեռքերը ծալած չէր նստի և հետևի, թե ինչպես է Ուկրաինան միանում ՆԱՏՕ-ին։ Իսկ այդ ժամանակ Ուկրաինան որպես երկիր, անկասկած, այնքան պատրաստված չէր լինի, որքան 2022 թվականի փետրվարին», – նշել է նա:

Անգելա Մերկելը մտահոգություն է հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած միջուկային նոր դոկտրինի առնչությամբ։

«Մենք պետք է ամեն ինչ անենք միջուկային զենքի կիրառումը կանխելու համար, – ասել է Գերմանիայի նախկին կանցլերը։ – Բարեբախտաբար, Չինաստանը նույնպես խոսեց այս մասին որոշ ժամանակ առաջ: Մենք չպետք է կաթվածահար լինենք վախից, բայց պետք է նաև ընդունենք, որ Ռուսաստանը ամենամեծ կամ ԱՄՆ-ի հետ միասին աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններից մեկն է: Այս ներուժը վախեցնում է»։

BBC-ն հիշեցնում է, որ հենց Մերկելի կառավարման տարիներին է Գերմանիան կախվածություն ձեռք բերել Մոսկվայից՝ կառուցելով երկու գազատար, որոնք անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ։ Գերմանիայի նախկին կանցլերը BBC-ին հայտնել է, որ այդ գազատարների կառուցումը երկու նպատակ ուներ՝ առաջ տանել Գերմանիայի բիզնես շահերը և միևնույն ժամանակ խաղաղ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ։

Արևելյան Եվրոպայում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամները համաձայն չեն Մերկելի հետ այս հարցում, քանի որ կարծում են, որ գազի դիմաց տրված գերմանական փողերով Ռուսաստանը լցրել է իր գանձարանը, որը թույլ է տվել ֆինանսավորել ռազմական գործողություններն Ուկրաինայում։ Կատյա Ադլերի հետ Անգելա Մերկելի հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի երեկոյան։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս