Բաժիններ՝

Մանրամասներ` ՀՀԿ ԳՄ նիստից. մամուլ

«Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստերի օրակարգերում, որոնք վարել է Սերժ Սարգսյանը, եղել են երեք խումբ հարցեր»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.

«Քաղխորհրդի նիստից բացակայել են 20 ՀՀԿ-ականներ` տարբեր պատճառներով, այդ թվում և Հովիկ Աբրահամյանը: Ֆիքսելով բացակաների թիվը` քաղխորհրդի նիստում Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ ԳՄ-ում միաձայն որոշվեց վարչապետի պաշտոնում վերանշանակել Տիգրան Սարգսյանին, որ ինքը գոհ է կառավարության գործունեությունից, վերջինս իր առջև դրված խնդիրները կատարել է, սակայն նրա առջև կրկին տնտեսական աճի ապահովման խնդիրն է դրվում, այդ խնդիրը շարունակական է, և կառավարությունը պարտավոր է անպայմանորեն այն իրականացնել.

«Այսպիսով, ես առաջարկում եմ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, եթե դիտարկումներ, կարծիքներ կան, խնդրում եմ արտահայտել»: Չեն եղել: Քվեարկել են` դեմ, ձեռնպահ: Չկա: Բոլորը կողմ են: Ծափեր: Վարչապետը շնորհակալություն է հայտնել, ասել է, որ կարդարացնի իր վրա դրված «բարձր վստահությունը»:

«Վաղն այդ հարցը կներկայացվի-կքննարկվի խորհրդարանական մյուս ուժերի հետ»,- հավելել է Սերժ Սարգսյանը և անցել օրակարգի երկրորդ հարցին` երկու կարևոր պաշտպանության և ԱԳ նախարարների ներկայացմանը, տեղեկացնելով, որ երկուսն էլ` Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանն այս պահին գործուղման մեջ են, այդ իսկ պատճառով ներկա չեն: Ասել է, որ գոհ է նաև նրանց աշխատանքից: Կրկին քվեարկություն: Միաձայն:

Օրակարգային այս հարցի առնչությամբ նույնպես որևէ քննարկում չի ծավալվել, չնայած Սերժ Սարգսյանի պահանջին. «Եթե բան ունեք ասելու՝ ասեք, ասեք էստեղ և ոչ այլ տեղ»: «Ասող» չի եղել, մի փոքրիկ առաջարկ Խոսրով Հարությունյանն է արել, «մի կարծիք» էլ Մանվել Բադեյանն է հայտնել: Անցել են օրակարգի երրորդ` «այլ հարցեր» բլոկին, որը հիմնականում «նվիրված» է եղել ավագանու ընտրությունների ընթացքին. Էդուարդ Շարմազանովը գերազանցիկաբար ներկայացրել է աշխատանքի ողջ ծավալը, Հակոբ Հակոբյանն (Թունելի) ասել է` չպետք է հանգստանալ, պետք է շատ ավելի ակտիվ աշխատել:

Սերժ Սարգսյանը համաձայնելով ասել է, որ քարոզարշավը նորմալ է ընթանում, գոհ է, Տարոնը գրեթե մրցակից չունի. «Ու եթե մարդիկ, կուսակցությունները չգիտեն, թե ում են առաջադրել ավագանու առաջին համար, և որ հենց առաջին համարն է քաղաքապետի թեկնածուն, իսկ իրենք դեռ չգիտեն, թե ով է իրենց քաղաքապետը, ո՞նց են պայքարում, ո՞ւր են գնում»: Գնում են, որ ի՞նչ անեն՝ հասկացել են ՀՀԿ-ականները:

Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ հարկ է համարել պասիվ ՀՀԿ-ականներին, հիմնականում երիտասարդներին, աչքի չընկնողներին զգուշացնել, թե էդ ինչի՞ կուսակցության համար կռիվ չեն տալիս. «Կարող ա՞ ձեզ դրել եք մեր տեղը. ինչի՞ քաղաքական ակտիվություն չեք դրսևորում, չեք պայքարում կուսակցության գծի համար»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս