Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարար»,-նշված է Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել, տեղեկացնելով, որ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար։
Նոյեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել Վահե Ղազարյանը։ Նրա հրաժարականը հաջորդել էր Կառավարության նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դժգոհությանը իրավապահ և դատական համակարգերի աշխատանքից։
Նոյեմբերի 18–ին հրաժարական տվեցին նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։