Ի՞նչ փակագծեր չբացեց ԳՇ ներկայացուցիչը, ԳՇ-ն «քցե՞լ» է ըմբիշներին

Մի քանի օր է՝ քննարկվում է, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ն անցկացվելիք բանակայինների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը հայ ուժեղագույն ըմբիշները չեն մասնակցի:

Խոսքը ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբիշներ Մալխաս Ամոյանի, Արսեն Հարությունյանի, Վազգեն Թևանյանի, Արման Անդրեասյանի, Մանվել Խնձրցյանի, Վիգեն Նազարյանի, Գևորգ Թադևոսյանի, Կնյազ Իբոյանի մասին է:

Արսեն Հարությունյանը, Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանն այս առնչությամբ սոցիալական ցանցում գրառումներ էին կատարել։ 

Արսեն Հարությունյան

Կարդացեք նաև

«Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող Բանակային աշխարհի առաջնությանը։ Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:

Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել:

Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք»,- գրել է Արսեն Հարությունյանը:

Վազգեն Թևանյան

«Խոսում ենք ոչ միայն որպես հայեր, այլ նաև՝ զինվորներ և մարզիկներ, որոնց համար սպորտը ոչ միայն մրցակցություն է, այլև մեր երկրի վարկանիշը միջազգային ասպարեզում ներկայացնելու միջոց։ Նոյեմբերի 20-24-ը Երևանում անցկացվելու է Բանակայինների աշխարհի առաջնությունը: Ցավոք, մեր թիմն այս միջոցառմանը չի մասնակցի իր ուժեղագույն կազմով:

Այս որոշման պատճառները մեզ համար նույնպես անորոշ են, քանի որ որևէ հստակ մեկնաբանություն կամ բացատրություն չի տրվել: Նման իրավիճակները բացասաբար են ազդում ոչ միայն մեր թիմի վրա, այլև՝ բանակի, սպորտի և մեր երկրի ընդհանուր հեղինակության։

Ավելին` դրանք կասկածի տակ են դնում մեր պատրաստակամությունը՝ աջակցելու և բարձրացնելու հայրենիքի հանդեպ հավատը բոլոր հարթություններում:

Այս պահին չենք կարող պատասխանել լրացուցիչ հարցերին, քանի որ չունենք լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Վազգեն Թևանյանը:

Մալխաս Ամոյան

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, Հայաստանի ըմբշամարտի թիմի և օգոստոսի 19-ից նաև սպորտային Զինված Ուժերի շարքերը համալրած մարզիկներս, միշտ պատրաստ ենք եղել բարձր պահելու մեր երկրի պատիվը: Մեր թիմը պատրաստ էր մասնակցելու Երևանում կայանալիք Բանակայինների Աշխարհի առաջնությանը: Սակայն, անհայտ և մեզ համար անհասկանալի պատճառներով, ԲԿՄԱ-ի մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են այդ հնարավորությունից: Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա»,- գրել է Մալխաս Ամոյանը:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հայտարարել է, թե հայտնի ըմբիշներին չեն ներգրավել հավաքական թիմում, որ զերծ մնան շահարկումներից։

«Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն թիմը, որը ներկայացնելու է ՀՀ զինված ուժերը։ Մրցաշարին այլ մարզիկներ ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ,- շեշտել է Արման Դավթյանը՝ հավելելով,- Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրությունը սահմանափակումներ ունի նախատեսած նաև զինծառայողների համար: Եվ ձեր նշած զինծառայողները, եթե այսօր չեն մասնակցում աշխարհի առաջնությանը, դա չի նշանակելու, որ նրանք չեն կարող մասնակցել հաջորդ աշխարհի առաջնությանը, երբ նրանց տվյալները կհամապատասխանի Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) սահմանած պահանջներին»:

Արման Դավթյանը վստահեցրել է, որ առաջնությանը ներկայացված ՀՀ զինված ուժերի հավաքական թիմում հիմնականում ընդգրկված են մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, որոնք նույնպես բավականին բարձր վարպետություն ունեցող մարզիկներ են, և, որ թիմի կազմը չի որոշել Ըմբշամարտի ֆեդերացիան, կազմն ընտրվել է կոլեկտիվ՝ ՊՆ մասնագետների ու ՊՆ պատասխանատուների միջոցով:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետը, սակայն, ինչպես ասում են՝ մինչև վերջ չի «բացվում»:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրությունը 2024 թվականի հունիսին խմբագրվել է, որի համաձայն՝ ոչ ոք չի կարող զորակոչվել զինված ուժեր ակտիվ ծառայության CISM մրցումներին մասնակցելու նպատակով:

Ավելին, ընդհատվող զինվորական ծառայության պարագայում կրկնակի զորակոչվող ատլետները ոչ մի պարագայում չեն կարող մասնակցել մրցումներին, եթե վերջին զորակոչի ավարտի և այս զորակոչի միջև տևողությունը 18 ամսից անցել է, բացառությամբ 7.23 կետի դրույթների:

Իսկ բանակայինների աշխարհի առաջնությունից դուրս թողնված հայ ուժեղագույն ըմբիշները զորակոչվել են, ըստ էության, վերը նշված կանոնադրության խմբագրումից հետո՝ օգոստոսին, զորակոչի վերջին օրը:

«Զինուժի» տեսանյութից տեղեկանում ենք, որ 10 ըմբիշ է այդ ժամանակ զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, այդ թվում՝ վերևում նշված ուժեղագույնները՝ համալրելով մարզական վաշտը:

Այդ նույն տեսանյութում ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանը նշում է.

«2024 թվականի նոյեմբերի 18-24-ը Հայաստանը հյուրընկալելու է զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այս պարագայում մեր զինծառայողները, արդեն նորակոչիկները կկարողանան բարձր պահել մեր դրոշը ՀՀ-ում անցկացվող առաջնությանը»:

Որքանո՞վ սա կհաջողվի ուժեղագույն ըմբիշների առաջնությանը չմասնակցելու և թուրք ուժեղագույն մարզիկների մասնակցության պայմաններում՝ պարզ կլինի առաջիկա օրերին:

Իսկ մինչ այդ փաստենք, որ ԳՇ պաշտոնյան փաստորեն տեղյակ չի եղել Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության մեջ հունիսին արված փոփոխությունից կամ խմբագրումից, և մեր ուժեղագույն ըմբիշներին, ըստ էության, զրկել է օգտվել տարկետման իրավունքից, որից օգտվել են նախկինում, թերևս:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հոդված 22-ը սահմանում է. «Գիտության, կրթությանմշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով»:

Այսինքն, կոպիտ ասած, ԳՇ-ն «քցել է» ըմբիշներին: ԳՇ ներկայացուցիչը բանակայինների աշխարհի առաջնությանը մոտ օրերի՞ն է իմացել, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրությունը սահմանափակումներ ունի նախատեսած նաև զինծառայողների համար: Իսկ գուցե ինչ-որ մեկը հուշե՞լ է նրան:

Բայց փաստ է, որ պաշտոնյաների նմանօրինակ անբարեխիղճ ծառայության կամ աշխատանքի պատճառով վնաս է հասցվում մարզիկ-զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին, սա իր ազդեցությունն է ունենալու ընտրված թիմի կազմի վրա ևս, դեռ չենք խոսում երկրի և բանակի հեղինակությանը հասցված վնասի մասին, որից թվում է, թե խուսափեցի՞ն՝ շահարկումներ թույլ չտալով և ուշացած Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերը խստիվ պահպանելով:

Հ.Գ. Ավելի ուշ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ առնչություն չունի Բանակայինների աշխարհի առաջնության կազմակերպման հետ, և որ Հայաստանի հավաքականի կազմից մի շարք անվանի մարզիկների դուրս մնալն իրենց համար համար ևս մնում է անհասկանալի, քանի որ այդ որոշման հիմքերը չեն ներկայացվել ՀԸՖ-ին:

Տեսանյութեր

Լրահոս