Ըմբիշները բարկացած են և անտեղյակ. ուժեղագույնները զորակոչվել են, բայց չեն մասնակցի «Բանակային աշխարհի առաջնությանը»
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում չեն լինի հայ անվանի ըմբիշները: Հայաստանը հյուրընկալելու է առաջնությունը նոյեմբերի 20–22–ին:
Ըմբիշներն իրենք էլ զարմացած են նման որոշումից, քանի որ ամիսներ առաջ զորակոչվել էին բանակ հենց այս առաջնությանը նախապատրաստվելու համար:
Հիշեցնենք, որ հուլիսին մարզական վաշտը համալրել են տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած ըմբիշները, աշխարհի և եվրոպայի առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրները, օլիմպիական խաղերի մեդալակիրը։
Զորակոչի վերջին օրը զորակոչիկների շարքում էին Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Մանվել Խնձրցյանը, Գևորգ Թադևոսյանը ու տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած մյուս ըմբիշները։
Արսեն Հարությունյանը, ով զորակոչիկների թվում էր, գրում է.
«Հարգելի ընկերներ,
Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող «Բանակային աշխարհի առաջնությանը»։ Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:
Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել:
Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք:
Սիրելի լրագրողներ, մենք չենք կարող պատասխանել ձեր իսկ տրված հարցերին, քանի-որ մենք ինքներս չգիտենք պատճառը։ Հստակ պատասխան իմանալու համար կապ հաստատեք ՊՆ մամուլի խոսնակի հետ և ձեր հարցերը հղեք նրանց: Մենք հստակ տեղեկատվություն չունենք պատճառների հետ կապված»։
Այս որոշմանը արձագանքել են նաև հայտնի ըմբիշներ Վազգեն Թևանյանն ու Մալխաս Ամոյանը:
«Հարգելի հայրենակիցներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խոսում ենք ոչ միայն որպես հայեր, այլ նաև՝ զինվորներ և մարզիկներ, որոնց համար սպորտը ոչ միայն մրցակցություն է, այլև մեր երկրի վարկանիշը միջազգային ասպարեզում ներկայացնելու միջոց։ Նոյեմբերի 20-24-ը Երևանում անցկացվելու է Բանակայինների աշխարհի առաջնությունը: Ցավոք, մեր թիմը այս միջոցառմանը չի մասնակցի իր ուժեղագույն կազմով: Այս որոշման պատճառները մեզ համար նույնպես անորոշ են, քանի որ որևէ հստակ մեկնաբանություն կամ բացատրություն չի տրվել: Նման իրավիճակները բացասաբար են ազդում ոչ միայն մեր թիմի վրա, այլև՝ բանակի, սպորտի և մեր երկրի ընդհանուր հեղինակության։ Ավելին` դրանք կասկածի տակ են դնում մեր պատրաստակամությունը՝ աջակցելու և բարձրացնելու հայրենիքի հանդեպ հավատը բոլոր հարթություններում: Այս պահին չենք կարող պատասխանել լրացուցիչ հարցերին, քանի որ չունենք լրացուցիչ տեղեկատվություն»»,- գրել է Վազգեն Թևանյանը:
Մալխաս Ամոյանի խոսքով` թիմը պատրաստ էր մասնակցել առաջնությանը:
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, Հայաստանի ըմբշամարտի թիմի և օգոստոսի 19-ից նաև սպորտային Զինված Ուժերի շարքերը համալրած մարզիկներս, միշտ պատրաստ ենք եղել բարձր պահելու մեր երկրի պատիվը: Մեր թիմը պատրաստ էր մասնակցելու Երևանում կայանալիք Բանակայինների Աշխարհի առաջնությանը: Սակայն, անհայտ և մեզ համար անհասկանալի պատճառներով, ԲԿՄԱ-ի մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել է այդ հնարավորությունից։
Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա: Հարգելի լրագրողներ, ցավոք, այս պահին չենք կարող պատասխանել ձեր հարցերին, քանի որ մեզ ևս չեն տրամադրվել որևէ հստակ բացատրություններ կամ տեղեկություններ այս իրավիճակի վերաբերյալ»։