«Նիկոլի ամենօրյա գործիքները չեն հարվածի Նիկոլին. նրանք ընդամենը պեշկաներ էին». Աննա Գրիգորյան
Հայաստանում մեկ օրում վեց հրաժարական է արձանագրվել. պաշտոնները լքել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, և Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։
Նշենք, որ այս հրաժարականները հաջորդեցին ուրբաթ օր Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանի արած մի շարք կոշտ ձևակերպումներին, որոնցով վերջինս սուր քննադատության ենթարկեց ուժային համակարգը՝ շեշտելով՝ ինքը «քյասիբի ռադիո չէ», որ ինչ ասի, դա շարունակելու է չկատարվել, որ իր համբերության բաժակը լցվել է, որ այլևս լինելու են ոչ թե խորհրդակցություններ, այլ հետևանքներ, որ չի՛ կարող «պետության մեջ որևէ մեկը թպրտալ»։
Այս հրաժարականները պաշտոնյաներին թպրտալու հնարավորությունից որոշներին զրկելո՞ւ, թե՞ սեփական անկում ապրող վարկանիշը փրկելու համատեքստում պետք է դիտարկել, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք ճշտել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանից։
«Սա ստաբիլ նիկոլական վարքագիծ է, որպեսզի իբրև թե ցույց տա, թե ինքը որևէ բանի համար մեղավոր չէ։ Ասում ենք, որ Հայաստանում կրիմինոգեն վիճակը խայտառակ է, ինքն իրեն արդարացնելու համար նշանակում է մեղավորներ։ Միաժամանակ, Փաշինյանն առաջիկա քաղաքական զարգացումներին ընդառաջ՝ փորձում է կերպարանափոխվել և հանրությանը տալ ուղերձ առ այն, թե ինքը նույն Նիկոլն է, որը եկել էր 2018 թվականին հեղափոխություն անելու, վիճակ փոխելու, պարզապես ինքն ի՞նչ մեղք ունի, որ իր կողքի մարդիկ դա չեն կարողանում իրականություն դարձնել։
Կառավարությունում չկան առանձին պաշտոնյաներ, կա մեկ Նիկոլ Փաշինյան, որը զբաղեցնում է և՛ Քննչական կոմիտեի ղեկավարի, և՛ Ներքին գործերի նախարարի և այլ պաշտոններ։ Մնացած բոլորն ընդամենը, շախմատային լեզվով ասած, պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է՝ սեփական ռեյտինգը բարձրացնելու համար»,- ասաց Գրիգորյանը։
Հարցին՝ թե ինչո՞ւ է Փաշինյանն ազատվել հատկապես այն մարդկանցից, որոնք իր կողքին են եղել Արցախի 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, ավելին՝ իրենց հրապարակային խոսքում մշտապես արդարացրել են Փաշինյանի արարքները, Գրիգորյանն արձագանքեց.
«Փաշինյանն ունի բազմաթիվ կոմպրոմատներ այդ մարդկանց վրա, օրինակ, եթե Քյարամյանը փորձի կոմպրոմատ բանեցնել, ապա Փաշինյանն ունի բազմաթիվ կոմպրոմատներ՝ հենց նույն Քյարամյանի դեմ, չէ՞ որ Քյարամյանը մի պաշտոնյա է, որը հստակ հրահանգներ է ստացել մարդկանց վրա քրեական գործեր կարելու համար։
Այնպես որ, պաշտոններից հեռացված այս մարդիկ պետք է հստակ իմանան՝ իրենք մեղսակից են Փաշինյանի հետ։ Իրենց արարքներն արժանանալու են իրավական գնահատականի։ Չեմ կարծում, որ այս մարդիկ այնքան համարձակություն կունենան, որ ասեն բաներ, որոնք կհարվածեն Փաշինյանին։
Չեմ կարծում, որ Նիկոլի ամենօրյա գոծիքները դուրս կգան իր դեմ։ Նրանցից յուրաքանչյուրը՝ որպես անհատականություն, ոչինչ է։ Փաշինյանը նրանց ժերտվա է տվել։ Կարծում եմ՝ Փաշինյանն ունի քաղաքական հոտառություն, նա քաղաքական կենդանի է և շատ լավ է հասկանում հանրության մեջ տիրող տրամադրությունները, աշխարհաքաղաքական զարգացումները։ Նա վտանգ է տեսնում իր աթոռը պահելու հարցում, ուստի դիմում է նման քայլերի»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։