«Հայաստանից Ադրբեջանի օկուպացրած տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր դրված չէ». Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում բյուջե-2025 նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ՀՀ Զինված ուժերում արմատական բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով մշակվել և Անվտանգության խորհրդի որոշմամբ հավանության է արժանացել բանակի կերպափոխման հայեցակարգը, որը հրապարակվել է ՊՆ պաշտոնական կայքում։
Ըստ նախարարի, հայեցակարգն ունի մի քանի կետեր, որոնցից մեկը վերաբերում է արհեստավարժ բանակին անցնելուն։
«Խոսել ենք, որ մեր ընդունած համակարգն ու հայեցակարգը լինելու է հիբրիդային, այսինքն՝ պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանում շարունակելու է լինել, որը մեզ համար հանդիսանալու է ռեսուրս, որպեսզի համալրենք պրոֆեսիոնալ բանակի շարքերը։ Այսօր հասել ենք նրան, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մեծաքանակ երիտասարդներ դառնում են մեր պրոֆեսիոնալ բանակի մասնիկը։ Նույնիսկ շատերը, իրենց խնդիրներով, զինծառայող տղաների դեպքում, փորձում են տարբեր միջնորդություններ, որպեսզի կարողանան օգտվել այս ծրագրից»,- նշեց Սուրեն Պապիկյանը։
Նա իր խոսքում կարևորեց, որպեսզի Զինված ուժերի բաղկացուցիչ մաս դառնան նաև իգական սեռի ներկայացուցիչները՝ որպես պրոֆեսիոնալ զինվորներ։
«Ներդրվել է կանանց գումարտակը, նաև կամավոր պարտադիր ժամկետային զինծառայությունը։ Կարող եմ նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ունենք արդեն կին զինծառայողներ, որոնք ոչ միայն 6-ամսյա կուրսն ավարտել են, այլև որոշել են սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը։
Ըստ նրա, քանի որ այսօր խորհրդարանում շատ խոսվեց հերոսության, հայրենասիրության մասին, ուստի այդ համատեքստում շատ կարևոր է անդրադարձ կատարել զորակոչին։
«Զորակոչը շարունակում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ, մենք սրա մասին պիտի բարձրաձայն խոսենք։ Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի չծառայի։ Այս առումով պետք է լյուստրացիա սկսենք մեր շրջապատում, դիմել եմ նաև վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական համակարգում»,- ընդգծեց նա։
Սուրեն Պապիկյանը նաև կարևոր համարեց նշել՝ բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանելու ՀՀ 29.743 քկմ տարածքը։
«Սա է միակ խնդիրը, որը դրված է բանակի առաջ, սա պարտավոր ենք սրբորեն կատարել։
Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված շուրջ 200 քկմ տարածքին, ապա ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,- եզրափակեց Սուրեն Պապիկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում