«Հո իրա տալո՞վ չի, չեմ էլ ուզում նայեմ էս ապուշին». «Հյուսիսային տերևաթափի» գործով վերծանվեցին մեղադրյալների հեռախոսազրույցները
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեկնարկեց «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Հիշեցնենք՝ նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրյալներին դատարան չէին ներկայացրել: Եվ առհասարակ տարօրինակ է, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ համեմատված գործի դատավարությունը իշխանությունը շահագրգռված չէ կարծես թե արագ հանգուցալուծել: Դատական նիստերը պարբերաբար տեղի չեն ունենում կա՛մ ուղեկցող գումարտակի կողմից մեղադրյալներին չներկայացնելու, կա՛մ հանրային մեղադրողի՝ գործուղման մեկնելու, կա՛մ էլ այլ պատճառներով: Այդ պայմաններում մոտենում է խափանման միջոցի փոփոխության միջնորդության ժամկետը, և մեղադրյալներից նրանք, ովքեր իրենց կալանքն են կրում քրեակատարողական հիմնարկում, շարունակում են այն կրել ևս հերթական 3 ամսով:
Հիշեցնենք, որ 2023թ. նոյեմբերի 2-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն տարածեց ահաբեկչության նախապատրաստության դեպքի բացահայտման մասին:
Քրեական վարույթի շրջանակներում, ըստ ԱԱԾ-ի, ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:
«Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Հուլիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեկնարկեց այս բավականին տարօրինակ գործի քննությունը: Պետք է նշել, որ 5 մեղադրյալներն էլ մեղադրանքը չեն ընդունում: 5 մեղադրյալներից Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր՝ գործը դատարան ուղարկելու դատախազության դիրքորոշումը մեծապես պայմանավորված է նրանով, որ դատախազությունը փորձում է մոտ 9 ամիս առաջ տրված մամուլի հաղորդագրությունն արդարացնել:
Այսօրվա դատական նիստի սկզբում հանրային մեղադրողը ներկայացրեց մեղադրյալների հեռախոսազանգերի վերծանումները: Ըստ նախաքննական մարմնի՝ դրանք ահաբեկչության նախապատրաստությանն ուղղված զրույցներ էին, թեպետ հասկանալի չէր, թե ինչ կապ ունի, ասենք, մեղադրյալներից մեկի մոր առողջական վիճակի մասին խոսակցությունը կամ երկաթյա խողովակների տրամաչափերի կամ երեխայի մանկապարտեզի հանդեսի մասին զրույցներն ահաբեկչության նախապատրաստության հետ:
Երևի նախաքննական մարմինն ահաբեկչություն է դիտարկել այն, որ մեղադրյալներն իրենց հեռախոսազրույցում քննարկել են հավանաբար Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցը, նրա ռուսերեն խոսելը:
«Հո իրա տալո՞վ չի, չեմ էլ ուզում նայեմ էս ապուշին (Փաշինյանին։- Գ.Ս.), մի բան պիտի արվի»,- ասվում է հեռախոսազրույցի մեջ:
55-րդ էջի 16-րդ մասում, պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով, հեռախոսազրույցների վերծանումն ընդհատվեց: Մինչ դատական նիստը կավարտվեր, մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ ու ներկայացրեց միջնորդություն:
Պաշտպանը նաև նշեց, որ որոշ հեռախոսազրույցներ ճիշտ չեն վերծանվել և թվագրված չեն, ինչը վիրավորեց հանրային մեղադրողին, թեպետ Զորայր Հարությունյանը պարզաբանեց՝ ինչի մասին է խոսքը, և, որ հանրային մեղադրողին մեղադրելու որևէ միտում ինքը չի ունեցել:
Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 28-ին՝ ժամը 16:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: