Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ համեմատվող գործի քննությունը դատախազությունը միտումնավոր ձգձգում է

2023թ. նոյեմբերի 2-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն տարածեց ահաբեկչության նախապատրաստության դեպքի բացահայտման մասին:

Քրեական վարույթի շրջանակներում, ըստ ԱԱԾ-ի, ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:

«Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը»,- ասված էր ԱԱԾ  հաղորդագրության մեջ:

Ուշագրավ է, որ կառավարության ներկայացուցիչներն այս գործը համեմատել էին Հոկտեմբերի 27-ի գործի հետ:

Կարդացեք նաև

Հուլիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ մեկնարկեց այս բավականին տարօրինակ գործի քննությունը: Պետք է նշել, որ 5 մեղադրյալներն էլ մեղադրանքը չեն ընդունում:

5 մեղադրյալներից Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր՝ գործը դատարան ուղարկելու դատախազության դիրքորոշումը մեծապես պայմանավորված է նրանով, որ դատախազությունը փորձում է մոտ 9 ամիս առաջ տրված մամուլի հաղորդագրությունն արդարացնել:

Հիմա արդեն շուրջ մեկ տարի մարդիկ կալանավորված են, և դատելով առաջին դատական նիստի ժամկետներից՝ այս ամսվա վերջում արդեն իսկ պետք է քննարկվեր կալանավորված անձանց խափանման միջոցի փոփոխության հարցը:

Սակայն ուշագրավ է, որ մինչ այդ նշանակված դատական նիստերը չեն կայանալու: Փաստացի չեն կայացել հոկտեմբերի 7-ին և 8-ին նշանակված նիստերը:

168.amկապ հաստատեց Երևանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Ջոն Հայրապետյանի աշխատակազմի հետ՝ փորձելով պարզել՝ ե՞րբ է հաջորդ դատական նիստը նշանակված այս գործով: Մեզ ասացին, որ հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին: Մեր հարցին՝ ինչո՞ւ չեն կայացել հոկտեմբերի 7-ին, 8-ին նշանակված նիստերը, և ինչո՞ւ չի կայանալու հոկտեմբերի 24-ին կայանալիք նիստը, դատավորի կազմից տվեցին անորոշ պատասխան՝ հավանաբար նախապես համաձայնեցված նիստերը չեն կայանա այն պատճառով, որ կողմերից մեկին հարմար չեն: Իսկ թե ո՞ր կողմին, դատավորի աշխատակազմի աշխատակիցը տեղյակ չէր:

«Վստահաբար պաշտպանական կողմի մեղքով չէ, որ նիստերը չեն կայացել կամ կայանալու: Ընդհակառակը, մենք շահագրգիռ ենք, որ նիստերը հնարավորինս ինտենսիվ տեղի ունենան, որովհետև շուտով առաջ է գալու խափանման միջոցի փոփոխության հարցի քննարկումը: Մեր տեղեկություններով՝ 2 նիստը տեղի չեն ունենալու, որովհետև հանրային մեղադրողը մեկնելու է գործուղման, իսկ մեկ նիստի չկայանալու վերաբերյալ տեղեկություն չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտպանական կողմի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը:

Փաստորեն, ստացվում է այնպես, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ համեմատվող գործի քննությունը, որի օր առաջ բացահայտման, մեղավորներին պատժելու մեջ մեղադրանքի կողմը պետք է որ շահագրգիռ լիներ, ձգձգվում է իրենց իսկ մեղքով: Էլ չենք խոսում այն մասին, որ առանց մեղադրական դատավճռի՝ մարդիկ գրեթե մեկ տարի կալանավորված են, ու այս արհեստական ձգձգումը խնդիրներ է ստեղծում նրանց խափանման միջոցի փոփոխության համար:

Թերևս, մեղադրանքի կողմի համար կարևորն այն է, որ մեղադրյալները կալանավորված են, իսկ արդար դատաքննության, մարդու իրավունքների ու նման մանր-մունր հարցերը դատախազությանը չեն հետաքրքրում: Իսկ միգուցե չգիտե՞ն՝ ինչ անեն ու ինչպես հիմնավորեն իրենց իսկ պաշտպանած մեղադրանքը:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թ. ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝  զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից»:

Նկատենք, որ նման հաղորդագրություններ վերջին ժամանակներում ԱԱԾ-ն հաճախ է տարածում: Փոխվում են միայն անունների անվանատառերը:

Տեսանյութեր

Լրահոս