«Հյուսիսային տերևաթափի» տարօրինակ գործը. ԱԱԾ-ն, դատախազությունը, ապա ՔԿ-ն հետևողականորեն փորձել են իբրև ճշմարտություն ներկայացնել ԱԱԾ տարածած տեսանյութը. Զորայր Հարությունյան

2023թ. նոյեմբերի 2-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն տարածեց ահաբեկչության նախապատրաստության դեպքի բացահայտման մասին:

«Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թ. ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝  զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից»,- մասնավորապես նշվում է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթի շրջանակներում, ըստ ԱԱԾ-ի, ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:

Կարդացեք նաև

Նշվում էր նաև, որ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, առանձին հավաքատեղիներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են ահաբեկչության նախապատրաստումը փաստող ապացույցներ:

«Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը»,- ասված էր ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:

Ուշագրավ է, որ կառավարության ներկայացուցիչներն այս գործը համեմատել էին Հոկտեմբերի 27-ի գործի հետ:

«Հյուսիսային տերևաթափ» անվանումը ստացած գործի նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է, և այն արդեն դատարանում է: Հուլիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, կմեկնարկի այս բավականին տարօրինակ գործի քննությունը:

Պետք է նշել, որ 5 մեղադրյալներն էլ մեղադրանքը չեն ընդունում:

 «Իմ պաշտպանյալի մեղադրանքը հիմնավորող բացարձակ ոչ մի ապացույց չկա: Ավելին, նույն ձեռք բերված փաստական տվյալները վկայում են հակառակի մասին, այսինքն՝ այն մասին, որ մեղադրյալների տված ցուցմունքներն ու մեկնաբանություններն են իրականում ճիշտ, այլ ոչ թե առաջադրված մեղադրանքը: Դրանք իրարից տրամագծորեն տարբերվում են»,- ասաց մեղադրյալներից արդեն 9 ամիս առանց տեսակցության ու զանգերի իրավունքի կալանավորված Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը:

Ըստ նրա՝ գործը դատարան ուղարկելու դատախազության դիրքորոշումը մեծապես պայմանավորված է նրանով, որ դատախազությունը փորձում է մոտ 9 ամիս առաջ տրված մամուլի հաղորդագրությունն արդարացնել:

«ԱԱԾ-ն, դատախազությունը, հետագայում նաև Քննչական կոմիտեն հետևողականորեն փորձել են իբրև ճշմարտություն ներկայացնել ԱԱԾ տարածած տեսանյութը, ինչը սակայն հերքված է քրեական վարույթի նյութերով, ու առաջիկա դռնբաց դատաքննության ժամանակ հանրությունը հնարավորություն կունենա այս ամենի մասին պարզ հետևություն անել: Ապացույցների հետազոտումը թույլ կտա փաստել, որ իմ պաշտպանյալն իրեն մեղսագրված արարքի հետ որևէ առնչություն չունի»,- ասաց Զորայր Հարությունյանը:

Պաշտպանը նկատում է՝ այս գործով ամենաահավորն այն է, որ ոչ միայն փաստերի ու ապացույցների բացակայության պարագայում է այդ մեղադրանքն առաջադրված, ու այն գնում է դատարան, այլև այն, որ մարդիկ արդեն 9 ամիս գտնվում են անազատության մեջ՝ խեղաթյուրված փաստերի հիման վրա առաջադրված մեղադրանքների պատճառով:

«Ակնկալում եմ, որ Երևանի դատարանն արդարամիտ կգործի, ու այս անձանց իրավունքները կվերականգնվեն: Այս քրեական վարույթի վախճանը միանշանակ լինելու է արդարացման տեսքով»,- ասաց Զորայր Հարությունյանը:

Հատկանշական է, որ Վազգեն Ոսկանյանի տեսակցություններն ու զանգերը դատարանի որոշմամբ մի անգամ բացվել են, սակայն, ինչպես նշում է պաշտպանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի ապօրինի որոշմամբ դրանք կրկին փակվել են:

«Քրեական վարույթի ընթացքում, կալանավորումից բացի, կիրառվել էր նաև հաղորդակցման սահմանափակում. իմ պաշտպանյալի ու նրա մերձավոր ազգականների ու ընդհանրապես բոլոր անձանց հետ նրա շփումը սահմանափակված էր: Հետագայում մեկ այլ դատավոր կալանավորման ժամկետը երկարացնելիս այդ սահմանափակումը վերացրել էր մերձավոր ազգականների մասով՝ թույլատրելով նրան հանդիպել, շփվել ծնողների ու եղբոր հետ: Սակայն հաջորդիվ Արտուշ Գաբրիելյանը նորից կայացրեց այդ սահմանափակումները նախատեսող որոշում՝ առանց որևէ նոր փաստական տվյալների: Այդ դատական ակտը բողոքարկվել և բեկանվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից, որի մեծ հաշվով անտեսմամբ՝ Առաջին ատյանը հետագայում կալանավորման ժամկետը երկարացնելիս ևս մեկ անգամ արձանագրել էր սահմանափակման անհրաժեշտությունը, կրկնում եմ, առանց որևէ փաստարկի: Այսինքն՝ մեր պարագայում դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմքով Երևանի դատարանը առնվազն մերձավոր ազգականների հետ հաղորդակցման ազատության սահմանափակման տեսանկյունից թույլ է տվել պաշտպանյալիս իրավունքների կոպտագույն խախտումներ, որոնք արդեն իսկ արձանագրված են»,- ասաց Զորայր Հարությունյանը՝ հավելելով՝ ազատության իրավունքի խախտումները ևս առկա են, սակայն դրանք դեռևս պետք է հաստատվեն առաջիկա քննության արդյունքում:

Պաշտպանն ասաց նաև, որ իր պաշտպանյալ Վազգեն Ոսկանյանի իրավունքների կոպտագույն խախտումների առնչությամբ ինքն արդեն դիմել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, որպեսզի համապատասխանաբար կարգապահական վարույթ նախաձեռնվի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ:

Զորայր Հարությունյանին հարցրեցինք նաև՝ ի՞նչ է իրականում հայտնաբերվել Վազգեն Ոսկանյանի բնակության հասցեում խուզարկության արդյունքում, որովհետև նախաքննական մարմինը նշում է, որ այնտեղ հայտնաբերվել են ահաբեկչության իրականացմանը վերաբերելի գրառումներով փաստաթղթեր, ԱԹՍ, տարբեր չափերի դրամական միջոցներ, դյուրակիր համակարգիչներ և կրիչներ:

«Վազգեն Ոսկանյանի բնակության հասցեում հայտնաբերվել և վերցվել են տան անդամների համակարգիչները, որոնք արդեն վերադարձրել են, տարատեսակ թղթեր, որոնցում գործին վերաբերելի ոչ մի փաստական բան չկա, մոր վերցրած վարկի գումարը, որը կրկին էլի վերադարձրել են արդեն, Վազգենի եղբոր դրոնը, որով վերջինս տարբեր բաներ է տեսանկարահանել, օրինակ՝ ծննդյան տարեդարձի արարողություն»,– ասաց Զորայր Հարությունյանը:

Ի դեպ, ըստ նախաքննական մարմնի՝ Վազգեն Ոսկանյանի բնակության հասցեում հայտնաբերվել է նաև հետևյալ բովանդակությամբ գրառում.

«Նիկոլ Փաշինյանի հեռացման շարժման մասնագետներին ուղղված կոչ, միացիր Փաշինյանի հեռացումից հետո անցումային փուլի մասնագիտական թիմին…»:

Թե որքանով է այս բովանդակությամբ գրառումը, որը քննիչները հպարտորեն կցել են քրեական վարույթին, խոսում ահաբեկչության կազմակերպման մասին, ցույց կտա վաղը մեկնարկող դատաքննությունը:

Տեսանյութեր

Լրահոս