Ադրբեջանական կողմի հետ անհետ կորածների, գերիների վերաբերյալ հանդիպման դեպքում ԱԱԾ-ն պաշտոնապես կտեղեկացնի. ԱԱԾ
Հոկտեմբերի 28-ին Խորհրդարանի բակում լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվել էին՝ գերիների, անհետ կորածների հարցով հնարավո՞ր է առաջիկայում հանդիպում տեղի ունենա ադրբեջանական կողմի հետ, ինչին ի պատասխան՝ ԱԱԾ տնօրենն ասել էր՝ հանդիպում չի եղել, բայց նախատեսվում է։
«Շատ հնարավոր է՝ առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի»,- ասել էր նա։
Ինչ վերաբերում է անհետ կորածների թվին, նա ասել էր, որ թվեր չի հնչեցնի։
«Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում՝ հանձնաժողովների կազմով։ Կոնկրետ հանդիպման վայր նշված չէ, եկեք արդյունքների մասով չշտապենք, հայտարարություն անենք, եթե նմանատիպ իրավիճակ լինի, կտեղեկացնենք»,- ասել էր Արմեն Աբազյանը։
Այսօր 168.am-ն ԱԱԾ-ից հետաքրքվեց՝ հանդիպումը տեղի ունեցե՞լ է, եթե ոչ, ապա հանդիպման վերաբերյալ հստակ օր սահմանվա՞ծ է։
«Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին, եթե որևէ հանդիպում տեղի ունենա, ապա դրա վերաբերյալ ԱԱԾ-ն պաշտոնապես կտեղեկացնի»,- նշեցին ԱԱԾ լրատվականից՝ հորդորելով հավելյալ հարցերի դեպքում դիմել գրավոր հարցմամբ։