Բաժիններ՝

«Կառավարությունն ասել է՝ նման դեպքերում փոխհատուցում չի տալիս. փաստի առաջ եմ կանգնել». Շատվանի բնակիչ

Հոկտեմբերի կեսերին գայլերը մտել էին Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի տարածք և հոշոտել Շատվանի բնակիչ 70-ամյա Մանվել Հակոբյանին պատկանող մոտ 100 ոչխար, 40-ից ավելիին՝ վնասել։

Մանվել Հակոբյանը և Շատվանի վարչական ղեկավար Արսեն Մինասյանը 168.am-ի հետ զրույցում ասել էին, որ գյուղում սա առաջին նմանատիպ դեպքն է։ Արդյունքում՝ Մանվել Հակոբյանը կրել էր մոտավորապես 8,5 մլն դրամի վնաս։

Կրած վնասների համար բնակիչը որևէ մեկից փոխհատուցում չի ստացել։

«Կառավարությանը դիմում էինք ուղարկել, մեզ ուղարկած պատասխանում նշվում է, որ Կառավարությունը նման բաների համար փոխհատուցումներ չի տրամադրում։ Գնացի մարզպետարան, բայց մարզպետն այս պահին Հայաստանում չէ, վերադառնա՝ նոյեմբերի 11-ին պետք է հանդիպեմ, հասկանամ՝ որևէ կերպ փոխհատուցում տալո՞ւ են, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մանվել Հակոբյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, ոչխարներից 40-ը, որոնց գայլերը մասամբ էին վնաս հասցրել՝ սատկել են, դրանք էլ որպես աղբ՝ թափել են։

«Ինքս հիմա 28 մլն դրամի վարկ ունեմ, հույս ունեի, որ ոչխարներս կշատանան, կվաճառեմ՝ վարկերը կփակեմ, որովհետև դրանք վարկով էի գնել։ Հիմա կանգնել եմ փաստի առաջ, չգիտեմ՝ վարկերս ինչպես եմ փակելու»,- շեշտեց նա։

Հարցին՝ Էկոնոմիկայի նախարարությանը դիմե՞լ է, քանի որ գյուղատնտեսության ոլորտը համակարգում է այդ նախարարությունը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նախարարության կողմից ևս մերժում է ստացել, որ նման դեպքերով փոխհատուցում չեն տրամադրում։

«Իմ հույսը մարզպետի հետ հանդիպելն է, որ գոնե նա մի բանով օգնի, քիչ չէ 140 գլուխ ոչխար կորցնելը։

Իմացանք, որ Գավառում էլ է նման դեպք եղել, հիմա ոչխարներին ավելի ապահով տարածքում ենք պահում, բայց դե, ոչնչից ապահովագրված չենք։

Ասենք, ո՞ւմ դիմենք ի՞նչ անենք, վարկ վերցնելուց ես հո չգիտեի՞, որ այսպիսի փորձանքի մեջ կհայտնվեմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս