70 տարեկան մարդ եմ, վարկով էի ոչխարներս գնել, չգիտեմ՝ վարկերս ինչպես եմ փակելու. Շատվանի բնակչի 100-ից ավելի ոչխարները գայլերը հոշոտել են
Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:30-ին, գայլերը մտել են Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի տարածք և հոշոտել Շատվանի բնակիչ Մանվել Հակոբյանին պատկանող մոտ 100 ոչխար, 40-ից ավելիին՝ վնասել։
Շատվանի վարչական ղեկավար Արսեն Մինասյանի խոսքով՝ գյուղն իր պատմության մեջ նման բան չէր տեսել։
«Առաջին անգամ է մեր գյուղում նման բան տեղի ունենում, մեր բնակիչն ահռելի վնասներ է կրել։ Դե ո՞վ կարող է երաշխավորել, որ գայլերը նորից գյուղ չեն կարող իջնել, ոչ մեկը։ Բնակիչը ոչխարներին բակում հատուկ հատկացված տեղում է պահել, տարածքը ցանկապատված է, հիմա ո՞վ երաշխիք ունի, թե իր հետ ինչ կարող է պատահել։
Ըստ նախնական հաշվարկների, մեր բնակիչը մոտ 7-8 մլն դրամի վնաս է կրել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արսեն Մինասյանը։
Նրա խոսքով՝ Մանվել Հակոբյանը մեծ խնդրի առջև է կանգնած, քանի որ ոչխարները վարկով է գնել։
«Քաղաքապետարանից մարդիկ են եկել, հանձնաժողով են կազմել, անասնապահության սննդաբանության տեսչությունից էլ են եկել, համաճարակաբան էլ։ Արձանագրություն ենք կազմել, դիմել ենք մեր մազպետարանին ու նախարարությանը, որպեսզի գոնե մի բանով աջակցեն բնակչին»,- ասաց Շատվանի վարչական ղեկավարը։
Մանվել Հակոբյանի խոսքով՝ գայլերի կողմից հոշոտված ոչխարները որպես աղբ պետք է թափեն, իսկ վնասված 40-ից ավելի ոչխարներին դեռ զննում են, եթե բուժելու են՝ կբուժեն, եթե չէ՝ պետք է մեկուսացնեն ու ոչնչացնեն։
«Մեր «ռայոնի» մեջ սա առաջին դեպքն է, գյուղում էլ երբեք նման բան չէր եղել։ Չգիտեմ, գայլերի ոհմակ է երևի եղել, մտել ոչխարների մեջ, մոտ 100 ոչխար կոտորել ու հեռացել է։
Հոշոտված ոչխարների միսը որևէ բան հնարավոր չէ անել, որովհետև գայլի ատամները թույն են, պետք է տանենք՝ թափենք աղբանոց, գնա։ Երևի մի 8,5 միլիոնի վնաս եմ կրել։
70 տարեկան մարդ եմ, վարկով էի ոչխարներս գնել, ընտանիքով դրանով էինք զբաղվում, հիմա մեծ վնաս եմ կրել, չգիտեմ՝ վարկերս ինչպես եմ փակելու։ Հիմա իմ ձեռքի տակ մնացել է մի քանի ոչխար։
Սահմանամերձ գոտի, գյուղական վայր, որևէ տեղից հնարավոր չէ գումար վերցնել մի բան անել, ստիպված վարկ ենք վերցնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Հակոբյանը։