«Ցավոք, չի հաջողվել իրականացնել Թուրքիայի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը». ՀՀ ԱԳ փոխնախարար

Այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ասաց, որ Ադրբեջանի դեսպանի կողմից Տիգրան Բալայանի հասցեին հնչեցրած սպառնալիքները, բնականաբար, տհաճ ու մտահոգիչ միջադեպ է։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրում կոմունիկացաների ապաշրջափակման մասին հարցին, Վ. Կոստանյանը փոխանցեց՝ որպես այդպիսին, նման կետ Խաղաղության պայմանագրում չկա, սակայն թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են։

«Մենք հանրությանը տեղեկացրել ենք, որ երկու երկրների փոխվարչապետները սահմանազատման հանձնաժողովների ավարտից հետո քննարկել են նաև այս հարցը»,- շեշտեց նա։

Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ էլ փոխարտգործնախարարն ասաց՝ հույս ունի, որ Թուրքիայի հետ, ի վերջո, հնարավոր կլինի հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, այլև երկուստեք հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի ամբողջական բացման։

Կարդացեք նաև

«Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները շարունակվում են։ Այդ հարաբերությունների կարգավորման վերջնակետը պիտի լինի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։ Ցավալիորեն մինչև այժմ չի հաջողվել իրականացնել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները բացելու վերաբերյալ»,- նշեց նա։

Լրագրողի հարցին՝ Կազանում Փաշինյանը ի՞նչ էր ջերմ զրուցում Ալիևի հետ, արդյոք գերիների հարցը քննարկվե՞լ է այդ զրույցներում, Վահան Կոստանյանը պատասխանեց, որ չգիտի՝ որքանով է տեղին գործածել «ջերմ» բառը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և բանակցություններին, ըստ էության, այդ բանակցությունները շատ վաղուց տեղի են ունենում երկկողմ ձևաչափով։ Բնականաբար, տարբեր հանդիպումներ հյուրընկալվել են տարբեր գործընկերների կողմից, փորձել ենք իրենց աջակցությունը հայտնել այս բանակցային գործընթացին, սակայն ըստ էության բանակցային գործընթացը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով։

Ինչ վերաբերում է ռազմագերիների խնդրին, ապա դա մշտապես մեր օրակարգում է, և ՀՀ տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ այդ հարցը բարձրացնում են»,- շեշտեց նա։

Խոսելով Ադրբեջանի կողմից Հայաստանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ փոխանցված 11-րդ առաջարկներից, Վահան Կոստանյանն ասաց, որ կան կետեր, որոնց շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի տեսակետները վերջնականապես համաձայնեցված չեն։ Սակայն հնարավորություններ տեսնում են վերջնականացնել ու մոտեցնել միմյանց դիրքորոշումները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս