Դեռևս անհայտ պատճառներով ձերբակալվել է «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը

Այսօր առավոտյան իրավապահները ձերբակալել են «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանին:

Նրա շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը 168.am-ին փոխանցեց, որ դեռևս չգիտի, թե ինչու են իրավապահները ձերբակալելու որոշում կայացրել։

«Այս պահին ինձ որևէ պատճառ հայտնի չէ, գտնվում եմ ոստիկանությունում այդ հարցերը պարզելու համար, ավելի ուշ կարող եմ խոսել»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Անաստաս Իսրայելյանն առաջիններից էր, ով 2023 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անժամկետ նստացույց հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, երբ վերջինս ասել էր, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը։

Կարդացեք նաև

Այդ ժամանակ 168.am հետ զրույցում նա ասել էր.

«Մարդը պարզ ու հստակ ասաց, որ գնում է դավաճանական հաջորդ քայլին, նա ստորագրում է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ ցեղասպանության պայմանագիր։ Նրա կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, դանակը տալիս է Ալիևի ձեռքը՝ արցախահայությանը կոտորելու լայն հնարավորություն տալով նրան։ Բացի այդ, նա զրոյացնում է Արցախի պետականությունը, մեզ բացահայտ տալիս է Ադրբեջանին, որպեսզի Ալիևը մեզ հետ վարվի այնպես, ինչպես ցանկանում է։ Կարող եմ ասել, որ Փաշինյանն օրինականացնում է Ալիևի կողմից արցախահայության ցեղասպանությունը»։

Ի դեպ, Անաստաս Իսրայելյանն աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով և ակտիվորեն մասնակցում է Արցախի, արցախահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված, հայ գերիների վերադարձի համար տեղի ունեցող բոլոր բողոքի ակցիաներին։

Տեսանյութեր

Լրահոս