«Բարև, Երևանը» մեկնարկեց իր բարևարշավը, իսկ Արմեն Մարտիրոսյանն ուզում էր վարսավիրանոց մտնել (տեսանյութ, լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության և մի քանի այլ քաղաքական ուժերի միավորմամբ ստեղծված «Բարև, Երևան» դաշինքի նախընտրական քարոզարշավը` Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընդհառաջ:

«Բարև, Երևանը» երեք ուղղություններով երթ սկսեվ` դեպի Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպում շենգավիթցիների հետ: Դրանցից մեկը մեկնարկեց «Հայրենիք» կ/թ-ի մոտակայքից` «Ժառանգության» փոխնախագահ, «Բարև, Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ճանապարհին Արմեն Մարտիրոսյանը և նրա կողմակիցները հանդիպում և զրուցում էին քաղաքացիների հետ` նրանց ներկայացնելով «Բարև, Երևանի» նախընտրական բուկլետները:

«Բարև Ձեզ, ես Արմեն Մարտիրոսյանն եմ, «Բարև, Երևան» դաշինքի առաջին համարը»,- ասում էր նա` բարևելով քաղաքացիներին, նրանց հանձնելով «Բարև, Երևանի» քարոզչանյութերը և մաղթելով բարի ընտրություն, ինչին ի պատասխան՝ շենգավիթցիները շնորհակալություն էին հայտնում կամ փոխադարձաբար «Ժառանգության» ներկայացուցչին մաղթում հաջողություն: Իսկ ոմանք ի պատասխան նշում էին, որ կարիք չկա ներկայանալու, քանի որ իրենք ճանաչում են Արմեն Մարտիրոսյանին:

Վերջինս ճանապարհին հասցրեց մտնել և´ դեղատուն, և´ հացաբուլկեղենի ու հագուստի խանութ, և´ այցելեց ծաղկավաճառին:

Կարդացեք նաև

Ի դեպ, անցնելով վարսավիրանոցի կողքով` Արմեն Մարտիոսյանը, հավանաբար հիշելով իր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը` նախագահական ընտրություններին, մի պահ կանգ առավ և կեսկատակ-կեսլուրջ ասաց. «ժողովո´ւրդ, չմտնե՞մ վարսավիրանոց», բայց հետո կարծես փոշմանեց:

Armen Martirosyan (1)

Գարեգին Նժդեհի հրապարակում «Բարև, Երևանի» ներկայացուցիչներին դիմավորեցին մի քանի տասնյակ ընտրողներ, ում առջև ելույթ ունեցան «Ժառանգության» վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ով նույնպես ընդգրկված է «Բարև, Երևանի» ցուցակում, ինչպես նաև «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը (2-րդ համարը ցուցակում), իր հասարակական գործունեությամբ հայտնի Անի Քոչարը, ով «Բարև, Երևանի» ցուցակում 10-րդն է, ինչպես նաև դաշինքում ընդգրկված նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը,  «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ներկայացուցիչներ Արթուր և Մանուել Գասպարյաննները և այլն:

Armen Martirosyan00 (1)

A (1)

Armen Martirosyan00 (2)

Մասնավորապես, իր ելույթում Անահիտ Բախշյանը կարծիք հայտնեց, որ «Բարևի» շարժումը հասել է շատ կարևոր փուլի, որտեղ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» դաշինքը որոշել է ամենայն լրջությամբ հայտ ներկայացնել և Երևանը դարձնել օրինակելի կառավարման համակարգ ունեցող մի մարմին և նշեց, որ այդ համակարգի փոփոխությունը «Ժառանգությունը» սկսելու է Երևանից: Միաժամանակ տիկին Բախշյանը չմոռացավ հիշեցնել, թե որտե՞ղ էին մյուս ընդդիմադիր ուժերը նախագահական ընտրություններին և մասնավորապես անդրադարձավ ավագանու ընտրություններին մասնակցող մեկ այլ ուժի` «Բարգավաճ Հայաստանին»: «Ես խնդրում եմ ուշադիր լինել, չմոռանալ, թե ովքեր են հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը Հանրապետական կուսակցության հետ մի սիամական երկվորյակ են, ոչ մի տարբերություն: Եվ մեր երկրի այս մենաշնորհային իրավիճակը ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն են միասին ստեղծել»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ա.Բախշյանը:

Իսկ Ստեփան Սաֆարյանը, ողջունելով շենգավիթցիներին, հույս հայտնեց, որ «այս անգամ էլ Երևանի, այդ թվում` Շենգավիթի բնակիչները կտրականապես մերժելու են իրենց քվեի վաճառքը, և ասելու են, որ Երևանը և Շենգավիթը չի վաճառվում և չի խաբվում որևէ ասֆալտապատման կամ ասֆալտի սևացման կամ այլ ծաղիկ-դեկորացիաների»:

«Երևանի համար կարևորը դա իր իշխանության տերը լինելն է, մի կարևոր հանգամանք, որն ընկած է «Բարևի» հեղափոխության հիմքում»,- շեշտեց Սաֆարյանը:
Իսկ «Բարև, Երևանը» գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, սկսելով իր ելույթը, նախ կոչ արեց բոլորին մեկ րոպե լռությամբ հարգել խորհրդային Հայաստանի նախկին ղեկավար Կարեն Դեմիրճյանի հիշատակը, ում ծննդյան տարելիցն էր այսօր:

«Իմ և մեր բոլորի ցանկությունը ոչ թե այն է, որ մենք պաշտոն ունենանք, այդ պաշտոնն ի շահ օգտագործենք և մեր, մեր հարազատների, մեր կուսակցական ընկերների համար գերշահույթներ ապահովենք, այլ մենք ընդամենը մի ցանկություն ունենք` կարողանալ մեր երկրում փոփոխություններ իրականացնել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նշեց, որ ինքը պայքարում է  Հայաստանում մնալու համար, որպեսզի  իր երեխաները չզգան իրենց հարազատների կարոտը, և Հայաստանն անվտանգ լինի, ունենա «նորմալ աշխատավարձ ստացող» ոստիկան և զինվոր:

Արմեն Մարտիրոսյանը հերթական անգամ անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցվող այն տեսակետին, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն և չի կարելի դրանք քաղաքականացնել, և հակադարձեց.

«Սուտ է, թե քաղաքական չէ: Եթե քաղաքական պայքար չէ, ինչո՞ւ են ամբողջ Հայաստանով մեկ վարչական ռեսուրսն ապօրինի օգտագործում, որ պետական հիմնարկի ամեն մի աշխատող գտնի 5 բարեկամ Երևանից, որ Հանրապետական կուսակցության օգտին քվեարկեն: Ինչպե՞ս կարող են քաղաքական չլինել, եթե առկա բնակչության ուղիղ կեսը Երևանում է կենտրոնացած, ֆինանսական հոսքերի 80 տոկոսը Երևանում է…Հենց իրենց պայքարը ցույց է տալիս, որ դրանք քաղաքական ընտրություններ են, հակառակ պարագայում` իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը` Ազգային ժողովի փոխնախագահը, չէր լինի շտաբի պետ, չէր մասնակցի ոչ քաղաքական պրոցեսում»:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե այն հանգամանքը, որ տրանսպորտային, այսպես ասած, «գծատերերը» դարձել են միայն իշխանության ներկայացուցիչները և նրանց նեղ շրջապատի ներկայացուցիչները, քաղաքական որոշման արդյունք է:

««Բարև, Երևան» դաշինքը չի գալիս Երևանում կոմունալ հարցեր լուծելու, «Բարև, Երևան» դաշինքը գալիս է կառավարման նոր համակարգ կառուցելու, որովհետև այդ կոմունալ, կենցաղային հարցերը բոլորը ածանցվում են այդ կառավարման համակարգից»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս