Պուտինն առանձնազրույցներ է ունեցել Կազան մեկնած գրեթե բոլոր առաջնորդների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ` հոկտեմբերի 22-ին, առանձնազրույցներ է ունեցել գրեթե բոլոր առաջնորդների հետ, որոնք ժամանել են Կազան` մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Պուտինը ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում մի քանի երկկողմ հանդիպումներ է անցկացրել, իսկ երեկոյան տեղի է ունեցել ՌԴ նախագահի ոչ պաշտոնական ընթրիքը Կազան ժամանած առաջնորդների հետ։

Ուշակովի խոսքով` ընթրիքի ընթացքում երկրների ղեկավարները շատ են խոսել Կազանի, Թաթարստանի մասին, պատմության և Վոլգա գետի մասին, ռուս մարդու համար դրա նշանակության մասին։

«Այնուհետև անդրադարձ է եղել նաև ԲՐԻԿՍ գագաթնաժողովին անմիջապես առնչվող մի շարք թեմաների», – ասել է Ուշակովը։

Ճշգրտող հարցին, թե ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ արդյոք քննարկվել է Ուկրաինայի թեման, նա դրական պատասխան է տվել։

«Հետո էլի հետաքրքիր բան եղավ։ Մեր ղեկավարին հաջողվեց նաև առանձնազրույցներ ունենալ։ Գրեթե բոլոր առաջնորդների հետ զրուցեց։ Եվ քննարկեցին այսպես ասած ամենակարևոր, ամենազգայուն հարցերը։ Դա ևս հաջողվեց անել երեկ»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։

 

Տեսանյութեր

Լրահոս