Ուսուցչին առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է, պետք է աջակցենք, որպեսզի բացահայտվի. Անդրեասյան
Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահայտվեն, սակայն պետք է հաշվի առնել, թե անհրաժեշտ գործողություններն ինչպես իրականացնել երեխաների միջավայրում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպին:
Անդրեասյանը հիշեցրեց, որ այդ դեպքի հետ կապված նախարարությունը հայտարարություն է տարածել: Գերատեսչությունը դիմել է իրավապահ մարմիններին՝ ստանալու որոշակի տեղեկություն, քանի որ ահազանգներ են ստացել, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքի և հատուկ շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել: Հիմա սպասում են իրավապահների արձագանքին, որ հասկանան ամբողջական տեղեկատվությունը:
Նա խոսել է նաև իրավապահ մարմինների գործընկերների հետ, առաջարկել միասին հասկանալ ընթացակարգերը և իրենց անհրաժեշտ խորհրդատվությունը տալ, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշ գործողություններ:
«Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ իրավապահ մարմիններն առաջին հերթին պետք է կարողանան գործել, որովհետև այն մեղադրանքը, որն առաջադրվում է, չափազանց լուրջ է: Եվ մենք պետք է ինքներս ամեն կերպ աջակցենք, որ մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն: Իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, երբեմն խոսում են և մնում չլսված»,-ասաց նա:
Նախարարությունն, ըստ նրա, առանձնահատուկ կարևորում է, որ նմանատիպ բոլոր իրավիճակները կանխարգելվեն, իսկ եթե կան, ապա բացահայտվեն, օրենքի շրջանակում մինչև վերջ անհրաժեշտ քայլերն արվեն:
«Բայց սա չի նշանակում, որ երեխաների միջավայրում չպետք է հաշվի առնենք, թե ինչպես է պետք կազմակերպել անհրաժեշտ որևէ գործողություն»,-նշեց Ժաննա Անդրեասյանը: