Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարների նիստը

Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկրների ղեկավարների հանդիպումը, որի քննարկման օրակարգում են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, մրցակցությունը, միգրացիան և արտաքին քաղաքականությունը։ Այս մասին հաղորդում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։

ԵՄ խորհրդի նիստին ժամանելիս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը լրագրողներին հայտնել է, որ նիստի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ կունենա և կներկայացնի իր «հաղթանակի ծրագիրը»։

Բորելը նաև հայտնել է, որ բացի Ուկրաինայից և Մերձավոր Արևելքից, Խորհուրդը նաև կքննարկի Վրաստանում և Վենեսուելայում տիրող իրադրությունը։Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը նիստին է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, վերահաստատել է ԵՄ-ի անսասան աջակցությունն Ուկրաինային և շեշտել, որ Ուկրաինային անհապաղ կերպով զենքեր են անհրաժեշտ։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի «ապագան Եվրամիության ներսում է»՝ հավելելով, որ այդ ուղղությամբ երկու կողմերն էլ առաջընթաց են գրանցել։

Զելենսկին իր հերթին հայտնել է, որ ցանկանում է իր «հաղթանակի ծրագիրը» ներկայացնել Ուկրաինային աջակցություն ցուցաբերած բոլոր երկրների ղեկավարներին։

Նա նաև շեշտել է հնարավորինս շուտ ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինայի կարիքների համար ուղղելու կարևորությունը։ԵՄ խորհրդի նիստից առաջ հոկտեմբերի 16-ին կայացել է Եվրամիության երկրների և Պարսից ծոցի երկրների ղեկավարների ԵՄ-Պարսից ծոցի երկրներ համագործակցության խորհրդի առաջին գագաթնաժողովը։

Տեսանյութեր

Լրահոս