Անկլավների հարցը վիճարկվեց․ այսօր դրա մասին հիշատակումն անօրինական է․ 1984-1987 թվականներին սահմանների ճշգրտման աշխատանքներին մասնակցած Զավեն Գրիգորյանը եզակի դրվագներ է հիշեցնում
Մինչ Սահմանադրական դատարանը քննության է առել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը, հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ ահազանգում են՝ ինչպես կանոնակարգի, այնպես էլ՝ առհասարակ սահմանագծման և սահմանազատման գործընթացի ապալեգիտիմ լինելու մասին։
Դեռ ապրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր նույն օրը տեղի ունեցած՝ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը։
Դրա համաձայն, կողմերը պայմանավորվել էին գործընթացը սկսել «անմիջականորեն Բաղանիս (ՀՀ)-Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»։
Վարչապետի աշխատակազմն էլ նույն օրը տրամադրել էր Տավուշում սահմանազատման գործընթացի առաջին փուլի վերաբերյալ մի շարք և Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արտահայտող քարտեզ։
Ավելի վաղ ՀՀ ղեկավարությունը տարբեր առիթներով հայտարարել էր գործընթացը 1970-ականների քարտեզով իրականացնելու մասին։
Հողաշինարար-ինժեներ Զավեն Գրիգորյանը, սակայն, պնդում է՝ Հայաստանը պետք է առաջնորդվի Սովետական Ադրբեջանի և Սովետական Հայաստանի՝ 1984-1987 թվականների սահմանների ճշգրտման աշխատանքներից հետո հաստատված քարտեզներով։
Մասնագետը, որը ժամանակին մասնակցել է այդ աշխատանքներին, նաև հիշեցնում է՝ այս օրերին անկլավների մասին հիշատակումն անօրինական ու անհիմն է։
Զավեն Գրիգորյանը, մինչև իշխանությունների վերջին պայմանավորվածությունները, փորձ է արել այս ամենի մասին տեղեկացնել պատկան մարմիններին, փաստեր ներկայացնել, սակայն նրան հարկ չեն էլ համարել լսել, չեն լսել նաև նրա գործընկերներին։
Այսօր արդեն առողջական բազմաթիվ խնդիրներով՝ նույնիսկ անկողնային վիճակում, Զավեն Գրիգորյանն իր պարտքն է համարում ահազանգ հնչեցնել, բարձրաձայնել այն, ինչի մասին լռում են գործող իշխանությունները՝ իրենց գործողություններով վտանգելով մեր պետությունը։
Զավեն Գրիգորյանի մի շարք հայտարարությունները՝ մեկ դիպաշարով․
- Առաջին անգամ սահմանների ճշգրտում կատարվել է 1925 թվականին Կովկասյան կավբյուրոյի որոշմամբ, այն ժամանակվա՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողկոմների կազմած հանձնաժողովների կողմից։ Այդ ժամանակ սահմաններն ամբողջությամբ ճշգրտվել են, քանի որ այդ ժամանակ սահմանների ճշգրտումներ չկային․ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը գտնվում էին Անդրֆեդերացիայի կազմում։
- Ուրեմն, սահմանները 1925 թվականին ճշգրտվել են, կատարվել է դելիմիտացիա և դեմարկացիա, որի ժամանակ երկու կողմի փոխադարձ համաձայնությամբ սահմանները ճշգրտվել են գագաթից գագաթ, բնական սահմանով՝ ձորերով, ու այդ բնորոշ կետերին ամրացվել են սահմանասյուներ, և այդ սահմանասյուների տակ լցրել են կիսաայրված փայտածուխ, որը երկար ժամանակ չի փտում, և այդ 1984-1987 թվականների սահմանների ճշգրտման ժամանակ մի քանի վիճելի տարածքներում հենց այդ սահմանասյուներին բնորոշ տարածքում քանդել են, տակի ածուխները հանել են, ապացուցել։
1925 թվականից հետո արդեն առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի քարտեզն էլ տպվեց այդ ճշգրտված սահմաններով։
- Հիմա անդրադառնամ 1984 թվականի սահմանների ճշգրտման աշխատանքներին, որին մասնակցել եմ․ սահմանների ճշգրտման աշխատանքների համար կազմավորվեցին Մոսկվայի և, կարծում եմ, Ալիևի միջնորդությամբ, Հայաստանի և Ադրբեջանի կողմից հանձնաժողովներ, որոնք պետք է զբաղվեին սահմանների ճշգրտման աշխատանքներին։
Հայաստանի կողմից հանձնաժողովի նախագահ նշանակվեց այն ժամանակվա Ագրոպրոմի նախագահ, Մինիստրների Սովետի նախագահի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Ռաշիզադեն, որն Ալիևի, այսպես ասած, աջ թևն էր, Նախիջևանյան կլանի ներկայացուցիչը:
Բացի դա, Հայաստանի կողմից՝ որպես Ազգային ժողովի անդամներ, մասնակցում էին այն ժամանակվա Հայպետհողշիննախագիծ ինստիտուտի գլխավոր ինժեներ Հենրիկ Խաչատուրիչ Վարդանյանը, հողաշինական բաժնի պետ Խաչատրյան Վանիկը և էքսպեդիցիայի պետ Սամվել Կիրակոսյանը: Ադրբեջանի կողմից մասնակցում էին Ագրոպրոմի նախագահի առաջ տեղակալ Գուսեյն Բեկովը, հողաշինարարական վարչության պետ Դադաշևը և Սալմանովը:
Արխիվից հանվեցին 1925 թվականի դելիմիտացիայի, դեմարկացիայի արդյունքում ճշգրտված քարտեզները և հանդիպումներ կայացվեցին Իջևանի շրջանի Այգեհովիտ գյուղի վերջնամասում՝ M4 ճանապարհի վրա կա շենք, որ «Բելի դոմ» են ասում։ Մի երկու-երեք անգամ հանդիպելով՝ սահմանները ճշգրտեցին, և 1984 թվականի գարնանից սահմանների ճշգրտումը սկսվեց Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային հանգուցային կետից՝ Դովեղ գյուղի մոտից:
Շատ տեղերում քսանհինգ թվականի սահմանասյուները ջարդվել էին, նոր սահմանասյուներ են դրվել: Ես մասնակցել եմ այդ աշխատանքներին, և դրվել է սահմանասյուն, և այդպես՝ մինչև Հայաստանի հարավային սահմանը՝ մինչև Նռնաձոր գյուղը:
- Պետք է սահմանները ճշգրտել 1984-87 թվականին կատարված երկու կողմից հաստատված քարտեզներով, որովհետև այդ ճշգրտման ժամանակ ամեն մի այն ժամանակվա շրջան ճշգրտելուց հետո երկու կողմն էլ ստորագրում էր, և երեք օրինակից հանձնաժողովի անդամները ստորագրում էին:
- Անկլավների մասին լրիվ վերլուծել են, խոսել են, վիճաբանել են (ես հենց ներկա եմ եղել էդ Բելի դոմ կոչվող շենքում, որը միջկառավարական հանդիպումների վայր էր հանդիսանում). Ուրեմն, 1925 թվականի սահմանների ճշգրտման աշխատանքների ավարտից հետո ոչ մի անկլավ գոյություն չի ունեցել։ Հայ-վրացական սահմանի և Ադրբեջանի սահմանային հանգուցային կետից մինչև հայ-ադրբեջանական՝ Պարսկաստանի սահմանի հանգուցային կետն ամբողջությամբ ավարտված է, և ավարտված է Հայաստան-Նախիջևան սահմանն ամբողջությամբ։ Մինչ այդ ոչ մի անկլավ գոյություն չի ունեցել։
Ավելին ասեմ՝ Սոֆլու գյուղը, որը մինչ այդ գտնվում էր Այգեհովիտ գյուղի վարչական տարածքում, ինձ պատմել է գյուղի գլխավոր գյուղատնտես Մայիլյան Երեմ Գրիգորիչը, որ այդ Սոֆլու տարածքը երեսունական թվականներին Ադրբեջանից մի կին է եկել էդ Սոֆու անունով իր երեխայի և հոր հետ միասին։
Եկել է Իջևանի գործադիր կոմիտե՝ պատճառաբանելով, որ իրա տասներկու տարեկան երեխան Ղազախում իրեն լավ չի զգում, բայց Իջևան գալով՝ իրեն շատ լավ է զգում՝ խնդրում եմ, թույլ տվեք այստեղ ես տուն կառուցեմ, գանք այստեղ ապրենք։ Իջևանի գործկոմում բավարարում են, թույլ են տալիս՝ այդ կինը իր ընտանիքով գալիս է, տուն են կառուցում։ Ուրեմն մի քանի տարի հետո դառնում են տասը, տասնհինգ տուն։ Հետո իրենք բողոքում են, գնում են Ղազախ, բողոքում են, որ տեղացիները չեն թողնում իրենց անասունները արածացնեն։
Ղազախում կարծես թե կազմակերպված դիմում են Մոսկվա, որպեսզի արոտավայրի համար տարածք հատկացնեն Սոֆուլուին։ Եվ այն ժամանակ հայկական կողմը չի կարողացել ընդդիմանալ, եթե ընդդիմանային, նացիոնալիստի պիտակը կկպցնեին-կաքսորեին, ստիպված այդ հողն առանձնացրել են, տվել են դրանց, բայց անօրինական։ Եթե օրինական լիներ, օրինականն այսպես էր՝ 1924 թվականի Սովետական Միության սահմանադրությամբ՝ սոցիալիստական հանրապետությունների սահմանները կարող են փոփոխվել միայն տասնհինգ հանրապետությունների կառավարությունների կողմից համաձայնության դեպքում։
Ու այդ հարցով Մովսիսյան Վլադիմիրը վիճաբանեց և Ռասիզադեն ընդունեց, որ իրոք այդպես է, և դա վերաբերեց ոչ միայն Սոֆլուին, այլ նաև Բարխուդարլուին, և նույն կերպ էլ՝ Քյարքին․ ոչ մեկը օրինական հիմք չունի, դրանք անօրինականություններ են։
Բայց դրան ի հակառակ՝ Շամիլ Ռասիզադեն բողոքարկեց․ «Էդ դեպքում անօրինական է ձեր Արծվաշենը, դուք պետք է Արծվաշենից հրաժարվեք»։ Բայց Արծվաշենն ուրիշ էր․ 1925 թվականի սահմանազատմամբ՝ Արծվաշենն ընդգրկված էր Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կազմի մեջ, բայց այդ իմ կողմից նշած երեք գյուղերը՝ Սոֆուլուն, Բարխուդարլուն և Քյարքին, դրանք անօրինական են, ոչ մի հիմք չկա։ Եվ բազմաթիվ վիճաբանություններից հետո վերջապես իրենք համաձայնվեցին, որ Արծվաշենը պետք է մնա Ադրբեջանի կազմում, իսկ երեք հատ գյուղ՝ Քյարքին, Սոֆուլուն և Բարխուդարլուն, պետք է հետագայում արդեն մնան Հայաստանի կազմում։ Ոչ մի անկլավ։
Մանրամասները՝ տեսանյութում

