Բաժիններ՝

Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է 2024թ. փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Վարույթի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 17։55-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս.Պ.-ի և  շարքային Ա. Զաքարյանի միջև։

«Դրա ընթացքում Ս.Պ.-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և նշան բռնելով Ա. Զաքարյանին և այդ կերպ թիրախավորելով նրան՝ մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում՝ աջ ուսահոդի դրսային մակերեսի և ձախ բազկի վերին երրորդականի դրսային մակերեսի նույնանման վերքերի ձևով մարմնական վնասվածք։ Ստացած հրազենային վիրավորումից, զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, Ա. Զաքարյանը մահացել է։

Զինծառայող Ս.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը քննարկելու համար:Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս