Վրաստանում ռուսական ընկերությունների թիվը հասել է պատմական առավելագույնի

Վրաստանում ռուսական ընկերությունների թիվը պատմական առավելագույնի է հասել: Այդ մասին է վկայում «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության (ՀԿ) Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից գրանցված ընկերությունների վերաբերյալ հետազոտության արդյունքները: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հետազոտության մեջ նշվում է՝ 2024 թվականի հունիսի 1-ի դրությամբ Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիներին է պատկանել մոտ 37 հազար 400 ընկերություն, ինչը կազմում է Վրաստանում ակտիվ կարգավիճակ ունեցող ընկերությունների ավելի քան 8 տոկոսը։

Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիների կողմից գրանցված ընկերությունների մեծ մասը, ավելի քան 30 հազար տնտեսվարող սուբյեկտներ, գրանցվել են 2022 թվականից հետո: Ի դեպ, սա այն ժամանակահատվածն է, երբ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո մոբիլիզացիա հայտարարեց, և սկսվեց ՌԴ քաղաքացիների մասսայական արտագաղթ, այդ թվում՝ դեպի Վրաստան:

Նույն տեղեկության համաձայն, մոտ 500 դեպքերում ընկերության սեփականատերը Վրաստանի և Ռուսաստանի երկքաղաքացի է: 2041 ընկերության համահիմնադիրները Վրաստանի քաղաքացիներ են։

Գրանցված ակտիվ կարգավիճակ ունեցող ընկերությունների 89 տոկոսը փոքր են, միջին և խոշոր ընկերությունների թիվը ընդամենը 0,5 տոկոս է, իսկ 10,6 տոկոսի դեպքում տնտեսական չափը դեռ անհայտ է։ Ընկերությունների 93 տոկոսը հիմնված են անհատ ձեռներեցների կողմից։

IDFI-ի հետազոտությունը հիմնված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների վրա, սակայն կազմակերպությունը նշել է, որ ճշգրիտ պատկերացում կազմելը, թե որքան ռուսական կապիտալ է շրջանառվում վրացական տնտեսությունում, դժվար է ասել՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսները հաճախ օգտագործում են միջնորդ ընկերություններ, ֆիկտիվ հասցեներ և այլ հնարքներ։

Տեսանյութեր

Լրահոս