Արմեն Մարտիրոսյանի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. Վլադիմիր Գասպարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ է նշանակվել

«Չեմ կարողանում պատկերացնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ ձևով կանխագուշակած լինի, որ վերադառնալու է Հայաստան, Վլադիմիր Գասպարյանի հետ էլ մոմ է վառելու: Վլադիմիր Գասպարյանի հետ մոմ վառելու պրոցեսը  բոլորովին էլ այդ գործընթացի արդյունքում է եղել:

Ի սկզբանե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ծիծեռնակաբերդ պետք է գնալ, որովհետև դա սիմլովիկ վայր է մեզ համար, և եթե Վլադիմիր Գասպարյանը միացել է մոմավառությանը, դա արդեն այլ հարթութուն է»,- 168.am-ի զրույցում ասաց  «Ժառանգություն» կուսակցության  փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով ՀԱԿԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքներին:

Հիշեցնենք, որ քիչ առաջ  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթի ժամանակ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Միանայի՝ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք՝ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել»:

Արմեն Մարտիրոսյանը շեշտեց այն փաստը, որ Վլադիմիր Գասպարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ընթացքում է դեռևս պաշտոն զբաղեցրել: Արմեն Մարտիրոսյանը  չպատասխանեց այն հարցին, թե արդյոք  Վլադիմիր Գասպարյանի հետ մոմավառության վերաբերյալ  Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությունը  իբրև ընդդիմության նախկին առաջնորդի տրամաբական արձագա՞նք է, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանին միտումնավոր վարկաբեկելու  փորձ:

Կարդացեք նաև

«Ժառանգության» փոխնախագահը շեշտեց միայն, որ օրեր առաջ  նախկին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ասածը բոլորովին էլ պատահականություն չէր:

Հիշեցնենք, որ մամուլում եղավ տեղեկատվություն, թե Արամ Մանուկյանը Գյումրիում կուսակցականների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե ապրիլի 13-ը՝ ՀԱԿ համագումարը, լինելու է իրենց հաղթանակի սկիզբը և Րաֆֆի Հովհաննիսյանի վախճանը:

Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ հնարավոր է՝ խանդն է դեր խաղում, ինչպես նաև չբացառեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ սա «Բարև, Երևանին» վարկաբելու փորձ է: «Առաջին անգամ չէ, որ «Ժառանգության նկատմամբ իրենք սև PR են իրականացնում: Դա  սկսվել է 2009-ից, երբ փոխարենը իշխանությունների դեմ պայքարեին, չգիտես ինչու, իրենք սկսեցին  «Ժառանգության» դեմ պայքարել»,- նշեց  Արմեն Մարտիրոսյանը, ով գլխավորոում է «Բարև, Երևան» նախընտրական դաշինքը:

Նա անհիմն համարեց ՀԱԿԿ համագումարում քիչ առաջ հնչեցրած այն փաստարկները, թե իրենք միակ ուժն են եղել, որ հստակ ասել են, որ 2013թ. փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Շատ տարօրինակ կլիներ, եթե ասեր, որ  Սերժ Սարգսյանն է  հաղթել: Իրականությունն այն է, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը»,- հակադարձեց կուսակցության փոխնախագահը:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն «արդարացումներին», թե իրենց ակտիվիստների մեծ մասը եղել են Ազատության հրապարակում, Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե շարժմանն աջակցելն այն է, որ առաջնորդներն են լինում հրապարակում, շարքային անդամներ բոլոր կուսակցություններից լինում են, աջակցություն լինում է ղեկավարության մակարդակով:

«Մենք 2008թ. այնտեղ կանգնած էինք, որտե՞ղ էին ՀԱԿ-ի ներկայացուցիչները 2013թ.»,- պնդեց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, թե իրենք Րաֆֆի Հովհաննիսյանի գործընթացներում քաղաքականություն չեն տեսնում, ուստի միանալ չէին կարող:

Տեսանյութեր

Լրահոս